Ախալքալաքում, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանին կից կգործի նոր քոլեջ։ Քոլեջի շենքի վերակառուցման նախագիծը ստեղծելու համար տենդեր-մրցույթն արդեն հայտարարված է:

Համալսարանին կից շինության վերականգնողական աշխատանքների նախագծի տենդերը կավարտվի սեպտեմբերի 12-ին։ Քոլեջը կառուցվում է Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Իսկ կրթությունը քոլեջում կլինի անվճար։

«Ցավոք, նախկինում հայտարարված տենդերը չկայացավ, ստիպված եղանք երկրորդ անգամ հայտարարել։ Հաղթող ընկերությունը շինարարական աշխատանքների համար կստեղծի ծրագիրը, ինչի համար տրված է 60 օր, հետո կներկայացնի: Ծրագիրը կհամաձայնեցնեք նախարարության հետ, ինչին էլ կհաջորդի շինարարական աշխատանքների մեկնարկը։ Կարծում եմ, որ աշխատանքներն սկսելուց մեկ տարի հետո շենքը վերանորոգված կլինի և համապատասխանաբար կսկսվի ուսումնական գործընթացը», – ասում է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ադմինիստրացիայի ղեկավար Ռոին Թաթեշվիլին։

kolej

Սամցխե-Ջավախքի պետական համալսարանին կից քոլեջ կառուցելու նախագծի ստեղծման համար հատկացված է 38 000 լարի։

Կրթական ծրագրերը, որոնք կգործեն քոլեջում, կլինեն միամյա։ Դրանք են՝ մաքսային գործ, էլեկտրականություն, անասնաբուժություն, բանջարագործություն, թեթև ավտոմեքենաների շարժիչների վերանորոգում, թեթև ավտոմեքենաների վերանորոգում։ Բոլոր ծրագրերը առաջին փուլում կլինեն միամյա, իսկ երկրորդ փուլի համար նախատեսված են կաթնամթերքի, մսի ու մսային ապրանքների արտադրում:

Քոլեջում չի գործի որևէ կրթական աստիճան: Ծրագրերը հիմնված են Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ծրագրերի վրա։

Կրթությունը կիրականցվի վրացերեն լեզվով, սակայն այն ուսանողների համար, ովքեր դժվարանում են վրացերենով սովորել, այստեղ կգործի հատուկ ծրագիր, որի շրջանակներում զուգահեռաբար կդասավանդվի վրացերեն՝ որպես օտար լեզու։

Սամցխե-Ջավախքի համալսարանի ադմինիստրացիայի ղեկավարի գնահատմամբ՝ քոլեջի առավելությունն այն է, որ մեկ տարում ուսանողը սովորում է գործնականորեն այն բոլոր հարցերը, որոնց իմացությամբ մեկ տարուց հետո կկարողանա արդեն աշխատել։

«Երբ նա սկսի աշխատել, և ուզենա խորացնել գիտելիքները, ապա նա կկարողանա շարունակել ուսումը ԲՈՒՀ-ում՝ հանձնելով միասնական ազգային քննությունները։ Հաճախ շատ երիտասարդներ ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, սովորում են 4 տարի և հետագայում աշխատել են սկսում այնպիսի թափուր աշխատատեղում, որտեղ նա կարող էր աշխատել, եթե պարզապես մասնագիտացված անձ լիներ», – նշում է Ռոին Թաթեշվիլին։

Ռիմա Մառանգոզյան