Օգոստոսի 25-ին, Նինոծմինդա քաղաքի մարզահամալիրի բակում տեղի ունեցավ հանդիպում խառնամարտի աշխարհի չեմպիոն, ծնունդով Մեծ Արագյալից Արման Ծառուկյանի հետ, հայտնում է Nor.ge-ն:

Հանդիպումը կազմակերպել էր Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի տնօրինությունը: Ներկա էր նաև քահանա Տեր Արմաշ Պողոսյանը, ով մարզիկին մաղթեց հետագա հաջողություններ սպորտի ասպարեզում և նշեց, որ Արմանը մեր հպարտությունն է և մաղթեց բազմաթիվ հաղթանակներ: Մշակույթի, սպորտի, կրթության և տուրիզմի վարչության պետ Ժորա Սնխչյանը և սպորտդպրոցի տնօրեն Անդրանիկ Ղարսլյանը ողջունեցին մարզիկին և մաղթեցին հետագա հաջողություններ:

Ըստ Արման Ծառուկյանի, շատ հաճելի է ջերմ ընդունելությունը: «Այս ամենը մոտիվացնում է, որ մարդիկ հավատան ինձ և դա էլ ավելի է ոգեշնչում ինձ մարզվելու համար»:

Արմանը ծնունդով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Արագյալ գյուղից է: Արման Ծառուկյանը 22 տարեկան է, նա գրեպլինգ ըմբշամարտում Ռուսաստանի չեմպիոն է, ազատ ոճի ըմբշամարտի վարպետ: Մանկուց նա սիրում էր սպորտով զբաղվել:

Հիշեցնենք, որ նա իր կարիերան սկսել է 2015-ին, և այս կարճ ժամանակահատվածում նա հաղթել է տարբեր մրցաշարերում, այդ թվում՝ կորեական Road FC-ում և Խաբարովսկի MFP-ում: Արմանի խառը մարտարվեստի դեբյուտը տեղի է ունեցել նաև «Արևելյան սահման» մրցաշարում: Ասիայի չեմպիոնի տիտղոսի համար պայքարը նրա կարիերայի առաջին խոշոր մրցաշարն էր:

Հանդիպումից հետո Արմանը և նրա հայրը` Նաիրի Ծառուկյանը, ուղևորվեցին հայրենի Մեծ Արագյալ գյուղ: Նրանք նվերներ նվիրեցին դպրոցի աշակերտներին:

48615887593_ddb8030b56_c
48616238586_3bd053bbe1_c
48616238331_92daf93e2d_c