Ամեն տարի երկրի նախագահն ընդունելություն է անցկացնում՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Այսօր՝ Վրաստանի Սահմանադրության օրվա առթիվ, Նախագահի նստավայրում տեղի ունեցավ հերթական տոնական ընդունելությունը:

Տոնական ընդունելությանը հրավիրված էին գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ճյուղերի ներկայիս և նախկին ներկայացուցիչները, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություներ:

Հանդիպմանը ելույթ են ունեցել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն և խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն:

Նստավայրում բաց է ցուցահանդես, որում ներկայացված են Վրաստանի ազգային արխիվում պահվող փաստաթղթեր, ներառյալ 1921 և 1991 թվականների Սահմանադրության բնօրինակ տարբերակները, ինչպես նաև պատմական փաստաթղթեր և լուսանկարներ՝ կապված այս թեմայի հետ:

Սահմանադրության բնօրինակը, որն ընդունվել է 1991 թվականի օգոստոսի 24-ին, պահվում է Վրաստանի նախագահի վարչական շենքում: Ամեն տարի նախագահն ընդունելություն է անկացնում՝ ի պատիվ Սահմանադրության օրվա:

Վրաստանի Սահմանադրությունը սկսվում է հետևյալ խոսքերով. «Մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, որոնց անկոտրում կամքն է հանդիսանում ժողովրդավարական սոցիալական համակարգի հաստատումը, տնտեսական ազատության, սոցիալական և իրավական պետության, համընդհանուր ճանաչված մարդու իրավունքների և ազատությունների ապահովումը, պետության անկախության և այլ ժողովուրդների հետ խաղաղ հարաբերությունների ամրապնդումը, հենվելով վրաց ժողովրդի պետականության դարավոր ավանդույթներին և Վրաստանի 1921-ի Սահմանադրության պատմական և իրավական ժառանգությանը, ի դեմս Տիրոջ և երկրի հռչակում ենք ներկայիս Սահմանադրությունը»:

Վրաստանի Սահմանադրությունն ունի 109 հոդված, որոնք փոփոխվել են 33 անգամ: Վրաստանի Սահմանադրության ամենից էական փոփոխությունները կատարվել են Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք՝ 25 անգամ:

Վրաստանի կառավարությունում 2004 թվականից հայտնվեց վարչապետի պաշտոնը, իսկ Վրաստանի նախագահը հռչակվեց պետության գլուխ: Բացի այդ, պատգամավորների և նախագահի ձեռնարկատիրական գործունեության առնչությամբ արգելք սահմանվեց և քաղաքական գործունեության արգելք՝ դատախազների և ոստիկանության աշխատակիցների համար: Դատավորների տարիքը 28 տարեկանից դարձավ, իսկ պատգամավորների համար՝ 21 տարեկանից:

2010 թ-ին, Սաակաշվիլիի իշխանապետության ավարտին` Վրաստանի Սահմանադրությունը ևս մեկ անգամ էականորեն փոխվեց: Նախագահական լիազորությունները կրճատվեցին, կառավարության և խորհրդարանի լիազորությունները ընդլայնվեցին, իսկ խորհրդարանական նիստերը Թբիլիսիից տեղափոխվեցին Քութայիսի:

2012-ին իշխանություն եկած «Վրացական երազանք» կուսակցության իշխանավարման օրոք, իշխանությունների և ընդդիմության միջև փոխհամաձայնության և, համապատասխանաբար, փոփոխությունները կատարելու համար բավարար ձայների բացակայության պատճառով, ըստ էության, փոփոխություններ չեն մտցվել Վրաստանի Սահմանադրության մեջ:

Խորհրդարանը կարողացավ հաստատել խորհրդարանի միայն մասնակի վերադարձը Թբիլիսի և կանոնակարգերը, ըստ որի, եթե խորհրդարանը երեք անգամ վստահություն չհայտնի կառավարության նկատմամբ, նախագահն իրավունք ունի լուծարել խորհրդարանը:

Այն բանից հետո, երբ 2016 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ստացավ սահմանադրական մեծամասնություն, Սահմանադրությունը փոփոխելու հարցը նորից դարձավ արդիական:

«Վրացական երազանք. Ժողովրդավարական Վրաստան»-ը սկսեց աշխատել նոր Սահմանադրության վրա:

Վրաստանի խորհրդարանը հաշվի չառավ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու կողմից արված դիտողությունները՝ նորացված Սահմանադրության նախագծի առնչությամբ:

Խորհրդարանը հիմնական սահմանադրական փոփոխությունները հաստատել է 2017 թվականի սեպտեմբերի 26-ին, որին քիչ անց վետո է դրել նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և գերատեսչության ներկայացրել մոտիվացված դիտողություններ՝ այդ թվում նախագահի և խորհրդարանի ընտրական համակարգի մասով: Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն նախագահին խնդրել էր արտահերթ նիստ հրավիրել՝ դիտողությունները քննարկելու համար:

117 պատգամավոր կողմ է քվեարկել Սահմանադրության նախնական տարբերակին, դեմ՝ յոթը: «Միացյալ ազգային շարժում» խմբակցության ընդդիմադիր պատգամավորները լքել են նիստը՝ ի նշան բողոքի և չեն մասնակցել քվեարկությանը:

«Շնորհավորում ենք Վրաստանի Սահմանադրության նոր խմբագրության ընդունման կապակցությամբ: Մենք իսկապես ընդունեցինք եվրոպական տիպի Սահմանադրություն, որը երկարաժամկետ հեռանկար կապահովի Վրաստանի զարգացման առումով», – քվեարկությունն ավարտելուց հետո հայտարարել է խորհրդարանի խոսնակը:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ստորագրել է Վրաստանի Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները:

Ավարտվեցին Վրաստանի Սահմանադրության թարմացման աշխատանքները, որոնք սկսվել էին 2016-ի դեկտեմբերից:

Վրաստանի վերջին ընտրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությունից հետո ուժի մեջ մտավ վերափոխված Սահմանադրությունը, որի համաձայն Հանրապետությունն այսուհետ խորհրդարանական է, որտեղ ողջ իշխանությունը պատկանում է խորհրդարանին և նրան ենթակա կառավարությանը:

Նախագահը, այժմ պահպանելով պետության ղեկավարի կոչումը, միայն անվանական քաղաքական գործիչ է և այլևս չի ընտրվում ուղղակի ընտրություններով: Նոր նախագահ ընտրելու որոշումը կկայացնի հատուկ ընտրական կոլեգիան:

Նախագահն իր լիազորություններից պահպանել է միայն վետոյի իրավունքը, քաղաքացիություն շնորհելու, պետական պարգևների, զինվորական և դիվանագիտական կարգերի ու կոչումների շնորհման և հանրաքվե նշանակելու իրավունքները: Մնացած բոլոր որոշումները պահանջում են վարչապետի հետ համաձայնեցում:

Ինչ վերաբերում է վարչապետին, ապա նրա լիազորություններն ընդլայնվել են: Այժմ նա ստորագրում է բոլոր կարևոր պայմանագրերը և որոշումները:

Տարին մեկ անգամ նա պետք է զեկուցի խորհրդարան, բացի այդ, վարչապետը այժմ կարող է որքան հարկն է փոխել նախարարներին՝ առանց տեղյակ պահելու խորհրդարանին կամ նախարարներից որևէ մեկի նկատմամբ իմպիչմենտ հայտարարի: Այնուամենայնիվ, խորհրդարանը կարող է ընտրել նոր կառավարություն՝ դրանով իսկ պաշտոնաթող անելով հնին: Նաև վարչապետն ինքն էլ կարող է բարձրացնել իր կառավարության նկատմամբ վստահության հարցը խորհրդարանին: Խորհրդարանն իր հերթին իրավունք ունի պաշտոնանկ անել ինչպես ամբողջ կառավարությանը, այնպես էլ նախարարներից որևէ մեկին:

2024 թվականից սկսած՝ բոլոր պատգամավորները կընտրվեն ըստ կուսակցական ցուցակների, խորհրդարանի անդամի նվազագույն տարիքային շեմը բարձրացվում է մինչև 25 տարեկան, կին պատգամավորների նորման սահմանվում է 50%-ի մակարդակով: Սահմանադրական փոփոխումների համար անհրաժեշտ կլինի ընդամենը 100 պատգամավորի աջակցություն:

Ըստ Սահմանադրական փոփոխությունների՝ համամասնական ընտրակարգին անցումը պետք է տեղի ունենար ոչ շուտ, քան 2024 թվականը: 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում 77 պատգամավոր պետք է ընտրվեին կուսակցական ցուցակներով, իսկ 73-ը՝ միամանդատ շրջաններում: Թեպետ, հասարակական բողոքը ստիպեց ընտրական համակարգում ճշգրտումներ կատարել, խոստովանեց «Վրացական երազանքի» հիմնադիր և առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:

Ինչ վերաբերում է օրենսգրությանը, ապա խորհրդարանի համար ավելի հեշտ կլինի փոփոխել վրացական Սահմանադրությունը: Եթե նախկինում պահանջվում էր խորհրդարանի առնվազն 3/4-ի աջակցությունը, ապա այժմ դրա համար բավարար կլինի պատգամավորների ձայների 2/3-ը:

Վրաստանի գլխավոր դատախազն այլևս չի ենթարկվի Արդարադատության նախարարությանը: Նրա գործունեությունը կվերահսկի Դատախազական խորհուրդը:

Ինչ վերաբերում է դատարաններին, ապա դրանք վերահսկելու է Արդարադատության բարձրագույն խորհուրդը: Այն բաղկացած է 14 անդամից, որոնք նշանակվել են այդ պաշտոնին 4 տարի ժամկետով և Գերագույն դատարանի նախագահից:

Մեր ականջին սովոր Զինված Ուժերին փոխարինեց Պաշտպանության ուժերը: Պաշտպանության ուժերի տեսակներն ու կազմը սահմանվում են օրենքով: Պաշտպանության ուժերի քանակը, կառավարության առաջարկով, հաստատում է խորհրդարանը՝ ողջ կազմի մեծամասնությամբ: Նախկինում դա նախագահի առանձնաշնորհն էր:

Պաշտպանության ուժերը գործում են պաշտպանության նախարարի հրամաններով` օրենքով սահմանված կարգով, իսկ արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում` վարչապետի հրամաններով:

Վարչապետի առաջարկով Պաշտպանության ուժերը արտակարգ դրության ժամանակ օգտագործելու մասին որոշումը կայացնում է Վրաստանի նախագահը և անմիջապես այն հաստատման է ուղարկում Խորհրդարան: Բայց կառավարության առաջարկով Պաշտպանության ուժերը միջազգային պարտավորությունները կատարելու մասին որոշումն ընդունում է Վրաստանի Նախագահը:

Նոր սահմանադրությամբ լուծարվել է Անվտանգության խորհուրդը և դրա փոխարեն, պատերազմական դրության ժամանակ, սահմանվում է ստեղծել Խորհրդակցական մարմին՝ Ազգային պաշտպանության խորհուրդ, որի ղեկավարում է Վրաստանի նախագահը: Ազգային պաշտպանության խորհրդի անդամներն են՝ Վարչապետը, Խորհրդարանի նախագահը, Պաշտպանության նախարարը և Պաշտպանության ուժերի հրամանատարը: Ազգային պաշտպանության խորհուրդը գործում է մինչև ռազմական դրությունը չեղյալ հայտարարելը: