Այսօր՝ օգոստոսի 22-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահն ու պատգամավորները եղել են սահմանամերձ Դադեշ գյուղ: Եվ տեղում ծանոթացել գյուղացիներին հուզող խնդիրներին: Դադեշցիները երկու կարևոր խնդիր են նշել՝ խմելու ջրի և բնական գազի բացակայությունը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ սա իշխանությունների հերթական հանդիպումն էր գյուղի բնակչության հետ՝ հաղորդակից լինելու գյուղի առօրյային ու հիմնախնդիրներին: Ինչպես նաև ծանոթանալ Գյուղին աջակցություն ծրագրի շրջանակներով իրականացվող աշխատանքներին:

Սահմանամերձ և բարձրլեռնային Դադեշ գյուղի ամենամեծ հիմնախնդիրը բնական գազի բացակայությունն է: Գազիֆիկացման խողովակաշարը գտնվում է գյուղից 3 կմ հեռավորության վրա:

«Բնակիչները խնդրում են հնարավորինս ամեն ինչ անել այս հարցի լուծման համար: Նրանք ողջունում են այն փաստը, որ շրջանի ևս 2 գյուղ՝ Չունչխան և Պտենան պիտի գազաֆիկացվեն, սակայն խնդրում են ամեն ինչ անել իրենց գյուղի գազիֆիկացման հարցի լուծման համար: Բարերար Երվանդ Պետրոսյանը ևս պատրաստ է մասնակի ֆինանսավորել գազիֆիկացման աշխատանքերը»,- գրված է Ախալքալաքի Սակրեբուլոյի ֆերսբուքյան էջում:

Դադեշցիները գյուղ այցելած Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյան ու պատգամավորներին իրենց դժգոհությունն են հայտնել նախկիում Գյուղին աջակցություն ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներից, որոնք նպատակային չեն եղել:

«Գյուղացիները բողոքում են 2015թ.-ի Գյուղին աջակցություն ծրագրի աշխատանքներից, նշելով, որ հարյուր հազարավոր լարիներն ապարդյուն են օգտագործվել և այսօր գյուղը կանգնած է խմելու ջրի հիմնախնդրի առջև: Եղած ջրի խողովակներն էլ վնասված են, ջուրն ապարդյուն կորչում է և վերահսկողություն չկա», – կարդում ենք Սակրեբուլոյի ֆեյսբուքյան էջում:

Դադեշի բնակիչները տեղական իշխանությունների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն են հայտնել, որ բնական գազի և խմելու ջրի, այսինքն՝ տարրական կենցաղային պայմանների բացակայության պատճառով, գյուղում նվազել են ամուսնությունների քանակը:

Գյուղացիները նաև խնդրել են ձմռանը կարգավորել գյուղամիջյան կենտրոնական ճանապարհների ձնամաքրման աշխատանքները: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր տարի տեղական բյուջեից միջոցներ են հատկացվում շրջանի գյուղամիջյան ճանապարհների ձնամաքրման աշխատանքների համար:

«Հաջորդ տարվա համար հարկ է ներառել նաև գյուղի կենտրոնական ճանապարհի ձնամաքրումը: Գյուղի օժանդակության ծրագրի աշխատանքները կատարված էին գյուղի բնակչության ընտրած ծրագրով և ըստ նրանց, ծրագիրը կնպաստի և՛ անասնապահության, և՛ հողագործության զարգացմանը»,- ասվում է Սակրեբուլոյի ֆեյսբուքյան էջում:

Վերջում Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ տեղական իշխանությունները նախաձեռնել են բնակչության հետ մշտական հանդիպումների քաղաքականություն, ինչն ավելի սերտ կդարձնի տեղական իշխանություն-բնակչություն կապը: