Նինոծմինդայի շրջանի Մամզարա և Գոնդուրա գյուղերը այս տարի բախվել են ոռոգման խնդրի հետ, Մամզարա գյուղում այս խնդիրը կլուծվի մյուս տարի, բայց Գոնդուրայում դեռ հայտնի չէ, թե երբ:

Կարտոֆիլը ջրելու ժամանակահատվածում չորային եղանակների պատճառով գյուղացիների հողերը չորացան: Այս գյուղերում բացակայում է ոռոգման համակարգը:
«Մամզարա գյուղում առաջ կար և աշխատում էր ոռոգման համակարգ, իսկ հիմա ամեն ինչ քանդվել է, և չի աշխատում, խնդրում ենք, որ ուշադրություն դարձնեն և հնարավորության դեպքում լուծեն այս խնդիրը, ոռոգման համակարգի բացակայության և եղանակի պատճառով մենք չենք ունենա կարտոֆիլի լավ բերք, ամեն ինչ չորացել է»,- ասում է Մամզարա գյուղի բնակիչը:

Մեծ Գոնդուրա գյուղի բնակիչ Թելման Գոլոյանը համարում է, որ «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում հատկացված միջոցները պետք է ուղղվեն հենց ոռոգման համակարգի ստեղծմանը, ոչ թե այլ մանր գործերի համար:
«Գյուղով հոսում է գետ, կարելի է այդ ջուրը հավաքել մեր լճում, ափսոս են այդ ձկները, և այդտեղից պոմպերի միջոցով կարելի է ջրել մեր հողերը, և լիճը չի չորանա, և դաշտերը կջրվեն: Կամ էլ կարելի է ուրիշ միջոց գտնել, բայց այս խնդիրը պետք է լուծել: Ամեն տարի միևնույնն է, վերանորոգում են գերեզմանոցի ցանկապատը, արարողության տունը, այո, դա նույնպես պետք է, բայց ոռոգման համակարգը ավելի կարևոր է, մենք դրանով ենք ապրում, եթե կարտոֆիլը չջրել, վաղը ինչով պետք է մենք ապրենք», – ասում է Թելման Գոլոյանը:

Այս գյուղերի լիազոր ներկայացուցիչը` Հովհաննես Գրիգորյանը հրաժարվել է մեկնաբանել այս խնդիրը:

Ամբողջ Վրաստանում անցկացվում է հին ոռոգման համակարգերի վերականգնման գործընթաց: Դրանով զբաղվում է ՍՊԸ «Վրաստանի միասնական մելիորացիայի համակարգի ընկերությունը»: Սամցխե–Ջավախքի սերվիս կենտրոնի ղեկավար Վլադիմիր Խմալաձեի խոսքով ոռոգման համակարգի վերականգնման նախագիծը Մամզարա գյուղում արդեն պատրաստ է, և 2016թ.-ի ամռանը ոռոգման համակարգը կլինի վերանորոգված: Սակայն Գոնդուրա գյուղի ոռոգման համակարգի վերականգնումը դեռ ընկերության նախագծում չկա: Այս համակարգով ոռոգումը կլինի վճարովի, մեկ սեզոնի համար մարդիկ պետք է վճարեն 75 լարի:

Բորիս Ղարսլյան