Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի աջակցությամբ կարպետագործության դասեր են անցկացվել:

Տաս օր շարունակ աշուղ Ջիվանու տուն-թանգարանում դիզայներ, մոդելավորող Սուսաննա Կարապետյանը գյուղի պատանիներին է սովորեցրել կարպետագործության գաղտնիքները: Ծրագիրն ընթացել է 3 փուլով՝ հայկական զարդանախշերի ուսուցում, կարպետագործություն և գոբելեն:

Ծրագրի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են հայկական զարդարվեստը, ինչը թերևս, հայի մշակութային ինքնության ամենավառ դրսևորումներից է: Ծանոթացել են հայկական զարդանախշերի տեսակներին՝ բուսական, երկրաչափական, կենդանական, հյուսվածքային, դրանց կառուցման սկզբմունքներին և գունային գամմային:

Կարպետագործության դասընթացների նպատակն էր նպաստել Ջավախքում կարպետագործության հանդեպ հետաքրքրվածության բարձրացմանը, այս արհեստի տարածմանը, ինչպես նաև ժողովրդական վարպետների քրտնաջան աշխատանքով ձեռք բերված փորձի ու գիտելիքի փոխանցմանը սերունդներին:

Դասընթացների ավարտին մասնակիցներն իրենց գործած կարպետները նվիրել են աշուղ Ջիվանու տուն-թանգարանին: