Կրթության բարեփոխման շրջանակներում՝ վրացերենը կներդրվի Microsoft-ի արհեստական ինտելեկտի հարթակներում, ինչը կօգնի բարելավել ուսումնական հաստատություններում ուսման որակը:

«Microsoft»-ի արհեստական ինտելեկտի հարթակներում վրացերենի ներդրման ուղղությամբ աշխատանքը Վրաստանի կրթության նախարարության լայնածավալ նախագծերից է:

ԿԳ նախարար Միխեիլ Բատիաշվիլիի և Microsoft-ի կրթության փորձագետ Օլիվեր Զոֆիչի միջև հանդիպմանը քննարկվել են համատեղ ծրագրի մանրամասները, որի իրականացումը կսկսվի աշնանը՝ միջին և բարձրագույն կրթության ուսումնական հաստատություններում:

«Որպես կրթության բարեփոխման մաս՝ մեր ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը տեխնոլոգիաների զարգացումն է և արհեստական ինտելեկտի ներդրումը՝ որպես կրթության բաղադրիչ: Այսօրվա դրությամբ խոշոր ընկերությունները «փակ են» վրացերենի համար, այդ իսկ պատճառով մենք սկսել ենք ակտիվ աշխատել Microsoft-ի հետ` արհեստական ինտելեկտի նախագծի մշակման համար: Մենք բանակցում ենք, որպեսզի վրացերենը հնարավորինս արագ ինտեգրվի Microsoft-ի արհեստական ինտելեկտի հարթակներ», – հայտարարել է Բատիաշվիլին:

Ըստ նրա, այս նախագիծը թույլ կտա օգտագործել և ներմուծել արհեստական ինտելեկտը վրացական կրթության համակարգում՝ որպես աշխարհի ամենահզոր և կարևոր հարթակներից մեկը:

Բատիաշվիլին վստահ է, որ վրացերենի ինտեգրումը Microsoft-ի արհեստական ինտելեկտի հարթակներում կնպաստի կրթական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների ավելի մեծ ներդրմանը:

Ըստ կրթության փորձագետ Օլիվեր Զոֆիչի, Microsoft-ը՝ Վրաստանի կրթության նախարարության հետ միասին, աշխատում է վրացական կրթության համակարգում նորարարական փոփոխությունների ուղղությամբ, ինչը երկրում նախկինում չի եղել:

«Ես ուրախ եմ, որ գտնվում եմ Վրաստանում և աշխատում եմ վրացական կրթության համակարգի թվային վերափոխման ուղղությամբ, որի շարքում է նաև Microsoft-ի արհեստական ինտելեկտի հարթակներում վրացերենի հետագա հասանելիության ծրագիրը: Սա աննախադեպ նորարարական փոփոխություն կլինի վրացական կրթության համակարգի համար: Այս նախագիծը կնպաստի ուսուցիչների և աշակերտների մտավոր աճին և զարգացմանը», – հայտարարել է Զոֆիչը:

Վրաստանում կատարվում է կրթության համակարգի մասշտաբային բարեփոխում: Փորձագետները պատրաստել են բարեփոխումների տասը փաթեթ, որոնք ընդգրկում են բոլոր ոլորտները: Բարեփոխումները կտևեն չորս տարի և նպատակ կունենան Վրաստանը վերածել կրթական կենտրոնի և տարածաշրջանում այն դարձնել առաջատար: