«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը արդեն 8-րդ անգամ հյուրընկալվեց Ջավախքում:

«Ոսկե ծիրանը անիվների վրա» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 8-11-ը Ախալքալաքում ցուցադրվում են կինոփառատոնի ֆիլմերի ընտրանին և Վրաստանի ազգային կինոկենտրոնի կողմից վերջին տարիներին ստեղծված լավագույն ֆիլմերը: Սեպտեմբերի 9-ին Ախալքալաքի «Ոսկե Ծիրան» կինոդահլիճում տեղի ունեցավ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանն իր ողջյունի խոսքում, կարևորելով կինոյի դերը, մարդկանց կյանքում ախալքալաքցիներին կոչ արեց այցելել կինոսրահ:

«Ախալքալաքն իմ սիրած քաղաքներից մեկն է, այստեղ հանդիսատեսի հետ խոսում ենք կինոյի միջոցով: Ախալքալաքցիները բավականին դժվարությամբ են նայում կինո, ախալքալաքցու հանդիսատեսի կերպարի մեջ ոչինչ չի փոխվել, դա ինձ համար շատ նեղված պահ է, կուզենայի որ շատ մարդ գային: Սա էլ իր պատճառն ունի՝ մարդիկ շատ են զբաղված իրենց ընտանեկան հոգսերով կամ վատ պրոպագանդա է արվում: Կուզենայի, որ կինոսրահ այցելեն 400-500 մարդ, բայց այդպես չի, դրսում նայում են, ներս չեն գալիս, ինչ-որ տարօրինակ մի հիվանդություն կա: Կարծես խուսափում են իրար կողք հավաքվելուց, դա էլ կանցնի և կտեսնենք մեծ դահլիճ հազարավոր մարդկանցով»,- ասաց կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
voskee
Ախալքալաքի Ապագայի տան սաները Հարություն Խաչատրյանին նվիրեցին իրենց ձեռքով պատրաստված ջավախքյան տիկնիկ, ինչը հուզեց կինոռեժիսորին: Տարիներ շարունակ Ջավախքում կինոփառատոնի ցուցադրություններին աջակցելու համար «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի պատվոգրերով պարգևատրվեցին՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, Ախալքալաքի Վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, Ախալքալաքի Շրջանային Ժողովի Նախագահ Համլետ Մովսիսյանը և Ախալքալաքի Շրջանային Ժողովի փոխնախագահ Նաիրի Իրիցյանը:

Սեպտեմբերի 8-ին Ապագայի տան «Ոսկե Ծիրան» կինոսրահում ցուցադրվեց Արա Երնջակյանի «Խավարում», Ներսես Հովհաննիսյանի «Հանդիպում Ցուցահանդեսում», Էրիկ Նազարյանի «Պոլիս», Սերժ Ավետիքյանի «Շների Կղզին» ֆիլմերը և Ախալքալաքի մշակույթի տան դիմաց տեղի ունեցավ Կառլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմի բացօթյա ցուցադրությունը: Սեպտեմբերի 9-ի ցուցադրությունն ազդարարվեց վրաց կինոռեժիսոր Գիորգի Օվաշվիլիի «Եգիպտացորենին կղզին» ֆիլմով, որին հաջորդեց Հարություն Խաչատրյանի «Անվերջ Փախուստ, հավերժ վերադարձ» և Սերժ Ավետիքյանի «Շների կղզին» ֆիլմերը: Այս օրերին բացօթյա ցուցադրվեցին նաև Մարգո Զուբաշվիլիի «Դինոզավր», Բեսո Սոլոմանիշվիլիի «Պայթուցիչ», Մարիամ Խաչվանի «Դինոլա», Դավիթ Սահակյանցի «Անահիտ», Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ», Հենրիկ Մալյանի «Նահապետ» և Սյուզան Խարտալյանի «Տատիկին դաջվածքները» ֆիլմերը:

«Ոսկե ծիրանը» Ջավախքում կինոփառատոնն իրականացվում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի, ՀՀ-ում Վրաստանի դեսպանության, Վրաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ:
voske ciran