Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությունը հանձնարարականներ է հղել Կորխի եկեղեցու վերականգնման նախաձեռնողներին, համաձայն որի՝ նրանք պետք է ապահովեն, որ եկեղեցու տարածքում իրականացվեն հնագիտական հետազոտություններ:

Ըստ Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Բեքա Բարամիձեի, Կորխում աշխատանքների նախաձեռնողները պետք է կատարեն հնագիտական հետազոտություն, որից հետո հնարավոր կլինի համաձայնեցնել նախագիծը և թույլտվություն ստանալ գործակալությունից:

«Երբ մենք գրավոր հաղորդագրություն ուղարկեցինք, որտեղ նախազգուշացրեցինք, որ նրանք պետք է դադարեցնեն բոլոր աշխատանքները, մենք նշեցինք, որ 6 ամսվա ընթացքում (այս տարվա մայիսից) պետք է համաձայնեցվի վերականգնման նախագիծը, և դրա հետ մեկտեղ նրանք իրենց վրա պետք է վերցնեին այդ ճարտարապետական կառույցի և դրա հարակից տարածքների հնագիտական հետազոտություն կատարելը», – ասաց նա:

Միևնույն ժամանակ, հետազոտության կազմակերպումն ու անցկացումը Կորխում կատարված աշխատանքների նախաձեռնողների վրա են:

«Այն դեպքում, եթե կա խումբ, որը նախաձեռնել է վերականգնողական աշխատանքները, նրանք իրենք պետք է հնագիտական հետազոտություններ իրականացնեն, Գործակալությունը նրանց չի ֆինանսավորում: Նրանք իրենք կկազմակերպեն դա, մենք կհետևենք գործընթացին և կվերահսկենք», – հաղորդեց Բեքա Բարամիձեն:

Նրա խոսքով՝ հետազոտությունից հետո եկեղեցու վերականգնման նախագիծը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել:

«Առանց հետազոտության, վերականգնողական աշխատանքներն անիմաստ են: Անհրաժեշտ է պարզել, թե որ դար է թվագրված կառույցը, որ պատմական դարաշրջանում և այլն: Այդտեղ կարող են լինել այնպիսի ճարտարապետական ուղղություններ կամ նման բաներ, որ կարող են փոխել ամբողջ նախագիծը, շտկումներ կատարել դրանում», – նշեց գործակալության ներկայացուցիչը:

Ինչպես ասաց Բեքա Բարամիձեն, սովորաբար հետազոտությունը տևում է 1 կամ 2 ամիս: Դրանից հետո կարելի է թույլտվություն ստանալ: