2019 թվականին, Ջավախքի ազգային պարկի ռեյնջերները կազմել են հովիվների կողմից խախտման մասին 3 արձանագրություն, թեև տուգանքը չի կանգնեցնում խախտողներին:

Ազգային պարկում և պահպանվող տարածքներում թույլատրելի նորմ կա արածեցվող անասունների քանակի առնչությամբ: Յուրաքանչյուր հեկտարում կարող է արածել 4 ոչխար կամ 10 հա հեկտարի վրա մինչև 8 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Ջավախքի ազգային պարկը շրջապատված է մարգագետիններով և արոտավայրերով, որտեղ համարյա թե ամենուրեք կան մեծաքանակ նախիրներ, որոնք արածում են այնտեղ գարնանից մինչև ուշ աշուն: Այս արոտավայրերը վարձակալում են ոչ տեղացի ֆերմերները: Չնայած հսկայական մարգագետիններին, հաճախ մեծաքանակ նախիրները հայտնվում են արգելված տարածքներում, որտեղ ռեյնջերները նրանց ֆիքսում են և կազմում իրավախախտման արձանագրություն: Այս տարի գրանցվել է նման 3 խախտում:

Մի դեպքում, հովվին տուգանել են 40 լարիով արածեցման քանակը չարաշահելու համար, այսինքն՝ հովիվը արածեցրել է ավելի շատ անասուն, քան թույլատրվում է նորմով: Մյուս երկու դեպքերում հովիվները կատարել են 2-ական խախտում և տուգանվել են 400 լարիով: Առաջին խախտումը կայանում է նրանում, որ իրավախախտն առանց թույլտվության հատել է Ազգային պարկի սահմանները, իսկ երկրորդը՝ արածեցման «չարաշահման» համար: Խախտումներ են գրանցվել Ախալքալաքում, Սուլդա գյուղի մերձակայքում, Նինոծմինդայում՝ Կաթնատուր գյուղի մոտ:

Ըստ Ազգային պարկի տեղեկատվության, Ազգային պարկի սահմանների մոտ արոտավայրեր վարձող հովիվների կողմից նման տիպի խախտումները մշտական են, և փոքր չափով տուգանքը չի վախեցնում նրանց՝ հաշվի առնելով նրանց ստացած շահույթը: