Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով փոխնախարար Լիա Գիգաուրին այցելել է Սամցխե-Ջավախքի Նինոծմինդայի շրջանի գյուղեր՝ Փոկա, Վլադիմերովկա, Տամբոկվա, հանդիպել տեղի բնակիչներին։

Հանդիպմանը, որին մասնակցել են Սամցխե-Ջավախքի մարզպետ Բեսիկ Ամիրանաշվիլին, պատգամավորներ Հենզել Մկոյանը, Կախաբեր Օքրիաշվիլին, Սիմոն Նոզաձեն և Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, քննարկվել են շրջանին վերաբերող մարտահրավերները և բնակչությանը հուզող հարցերը:

Պետնախարարի տեղակալի խոսքով, տեղի բնակչության հետ հանդիպումը միշտ կարևոր է, քանի որ խնդիրների մասին տեղեկություն ստանալն անձամբ նրանցից առավել ստույգ է:

«Բացի այդ, նման հանդիպումներին տեղեկություններ ենք փոխանցում կառավարության կողմից իրականացված նախագծերի վերաբերյալ, խոսում ենք ապագա ծրագրերի մասին: Պետության բյուջեն հիմա է ծրագրվում, այսպիսով իրականացվող նախագծերը պետք է համաձայնեցված լինեն շրջանների բնակչության հետ, համապատասխանեն նրանց կարիքներին»,- ասել է Լիա Գիգաուրին:

Նա խոսել է նաև հայաբնակ շրջանում առկա ինտեգրման խնդրի շուրջ:

«Շատ կարևոր են պետական լեզվին տիրապետելու հետ կապված մարտահրավերները: Մենք պետք է մեկ լեզվով խոսենք, այդ լեզուն պետք է լինի պետականը: Այդ պատճառով, մեր կողմից ևս մեկ անգամ առաջարկվել է պետական լեզուն տարածող, դրանով շփվող շրջիկ խմբերով աշխատել։ Նրանք լավագույնս կօգնեն պետական լեզվին չտիրապետող քաղաքացիներին»,-  ասել է Լիա Գիգաուրին: