Միլիարդատեր և Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը 2019 թվականի սկզբից մինչև հուլիսի 29-ն աճել է 375 միլիոնով (+ 7,5%): Սրանք հեղինակավոր Բլումբերգ (Bloomberg Billionaires Index) գործակալության «Միլիարդատերերի վարկանիշի» տվյալներն են:

Այսպիսով, վերջին ամսվա ընթացքում Բիձինա Իվանիշվիլին մի քանի հորիզոնականով բարձրացել է աշխարհի 500 միլիարդատերերի շարքում և այժմ զբաղեցնում է այս ցուցակի 348-րդ տեղը, գրում է «Новости Грузия»-ն:

Նրա ունեցվածքը գնահատվում է 5,37 միլիարդ դոլար: 63-ամյա Իվանիշվիլին շարունակում է մնալ այս ցուցակում Վրաստանում ապրող միակ միլիարդատերը:

Բիձինա Իվանիշվիլին իր ձեռնարկատիրական գործունեությունը սկսել է Ռուսաստանում՝ 90-ական թվականներին: Նրա հետաքրքրությունները լայնորեն ներկայացված էին Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում` ֆինանսներ, դեղագործական արդյունաբերություն և մետաղագործություն:

Իր ունեցվածքի զգալի մասը Իվանիշվիլին կուտակել է 2003-2006 թվականներին` ակտիվների վաճառքից հետո: Այս ժամանակահատվածում նրան հաջողվել է մոբիլիզացնել 2,6 միլիարդ դոլար: Հարստության շատացման երկրորդ ալիքը գրանցվել է 2012 թ.-ին, այնուհետև Իվանիշվիլին վաճառեց Ռուսաստանում իր մյուս ակտիվները, ինչի արդյունքում նրա ունեցվածքն աճեց 1,5 միլիարդ դոլարով: Դրանից հետո միլիարդատերը ձևավորեց «Վրացական երազանք» խմբակցությունը, որը հաղթեց Վրաստանում անցկացված ընտրություններում և փոխարինեց երրորդ նախագահի՝ Միխեիլ Սաակաշվիլու կուսակցությանը: Այնուհետև Իվանիշվիլին մեկ տարի զբաղեցրեց երկրի վարչապետի պաշտոնը, որից հետո նա պաշտոնաթող եղավ, բայց շարունակում է մեծագույն ազդեցություն ունենալ վրացական քաղաքականության մեջ՝ որպես իշխող կուսակցության անառարկելի ղեկավար: