Ոստիկանությունը հուլիսի 25-ի երեկոյան ձերբակալել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար և ընդդիմադիր «Հաղթանակած Վրաստան» կուսակցության առաջնորդ Իրակլի Օքրուաշվիլիին: Վրաստանի ՆԳՆ-ն արդեն հայտարարություն է արել. Օքրուաշվիլին մեղադրվում է այն բանում, որ հունիսի 20-ին խորհրդարանի շենքի առջև տեղի ունեցած ցույցի ժամանակ կոչ է արել ցուցարարներին ներխուժել խորհրդարան և ինքն էլ մասնակցություն է ունեցել շենքի գրոհին:

Հուլիսի 23-ին Իրակլի Օքրուաշվիլին հարցաքննվել էր հունիսի 20-21-ի իրադարձությունների առնչությամբ: Եթե նրա մեղքն ապացուցվի, նրան սպասվում է մինչև վեց տարվա ազատազրկում:

«Խորհրդարանի շենքի բռնի գրոհի ժամանակ Իրակլի Օկրուաշվիլին իրեն ուղեկցող անձանց հետ կոչ է արել ակցիայի մասնակիցներին և ինքն է փորձել ներխուժել խորհրդարանի շենք բռնի ճանապարհով: Իրակլի Օքրուաշվիլին նաև մասնակցել է տարբեր խմբակային բռնի գործողությունների»,- հայտարարարել է Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության բաժնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մամուկա Չելիձեն ՆԳՆ-ում տեղի ունեցած հատուկ ճեպազրույցի ժամանակ:

Մի քանի օր առաջ Օքրուաշվիլին հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ՝ կապված երկրի ամենամեծ հեղինակությունն ունեցող հեռուստաալիքի՝ «Ռուսթավի 2»-ի գործի հետ: Նախկին նախարարը հայտարարել էր, որ իր մոտ կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ հեռուստաընկերությունը պատկանում է հենց իրեն:

Օքրուաշվիլիի համախոհները և նրա կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաև ընդդիմությունը, համոզված են, որ նրա ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի:

«Օքրուաշվիլին քաղբանտարկյալ է: Իվանիշվիլին ակնհայտորեն հոգեկան շեղումներ ունի: Բացի այդ, նա Պուտինի հովանավորյալն է և տնային առաջադրանք ունի՝ ոչնչացնել քաղաքական ընդդիմությունը և Վրաստանը հանձնել Ռուսաստանին: Ինչու՞ նա սկսեց Օքրուաշվիլիից: Քանի որ նրան դուր չէր եկել Օքրուաշվիլիի վերջին հայտարարությունը «Ռուսթավի-2»-ի մասին»,- հայտարարել է ձերբակալված նախկին նախարարի համախոհ Գուբազ Սանիկիձեն:

«Ռուսթավի-2»-ի շուրջ մոտ 4 տարի շարունակվող դատավարությունն ավարտվել է հուլիսի18-ին՝ վերջին տարիներին հեռուստաընկերության սեփականատեր հանդիսացող կողմի պատությամբ: Նրանց օրոք հեռուստաալիքը եղել է ընդդիմադիր և քննադատել է Վրաստանի ներկայիս իշխանություններին:

Հուլիսի 18-ից՝ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Ստրասբուրգի դատարանի որոշումը (ըստ որի «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գործով վրացական դատարանների որոշումներում չկա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում), ուժի մեջ մտավ Վրաստանի Գերագույն դատարանի որոշումը, որի համաձայն գործարար Կիբար Խալվաշին վերադարձրեց հեռուստաընկերության սեփականության իրավունքը, որին տիրապետում էր 2004-2006թթ.: