Այսօր, հուլիսի 24-ին, Ախալքալաքի շրջանային դատարանը որոշում կայացրեց վարչական իրավախախտման գործով` Կորխ գյուղի մշակութային ժառանգության հուշարձանի անօրինական վերականգնման համար: Գործը կարճվել է մեղադրյալ Յուրիկ Ծառուկյանի մեղադրանքի ապացույցների բացակայության պատճառով:

Մեղադրանքը ներկայացվել է Վրաստանի «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 88-րդ հոդվածով, որը ֆիզիկական անձանց համար նախատեսում է մինչև 5 000 լարի տուգանք: Դատարանը համարեց, որ մեղադրող կողմը չի կարող ապացուցել այս գործով մեղադրյալի` Յուրիկ Ծառուկյանի մասնակցությունը և մեղավորությունը:

«Ճիշտ է, վերականգնումն ապօրինի է եղել և խախտում կա, բայց չեն կարողացել ապացուցել Յուրիկ Ծառուկյանի մեղքը: Դատարանը չի ընդունել նրանց ապացույցները», – մեկնաբանեց Յուրիկ Ծառուկյանի փաստաբանը:

Մեղադրող կողմը՝ Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձանների պաշտպանության ազգային գործակալությունը, հնարավոր է բողոքարկի դատարանի որոշումը:

«Իհարկե, մենք գոհ չենք դատական որոշումից, ամենայն հավանականությամբ, մենք կբողոքարկենք այն, մենք դեռևս թույլտվություն չենք տվել վերականգնել եկեղեցին: Մենք գործը փոխանցել ենք ոստիկանությանը, քանի որ վնասվել է մշակութային ժառանգության հուշարձան: Քրեական գործ է հարուցվել», – մեկնաբանում է Լևան Ճավճավաձեն` առանց Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության թույլտվության աշխատանքների արձագանքման բաժնի ղեկավարը:

Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերականգնողական աշխատանքները սկսվել էին մայիսի 10-ին, երբ գյուղացիները փորձել էին թույլտվություն ստանալ և չէին ստացել: Նրանք մի քանի տարի հավաքվել էին գումար և որոշել այս տարի սկսել, քանի որ պատերն արդեն փլուզվում էին: Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունն, առանց թույլտվության վերականգնման մասին տեղեկանալով, արձագանքեց՝ նախազգուշացնելով և հետո գրեց Յուրիկ Ծառուկյանին հասցեագրված վարչական իրավախախտման արձանագրություն, որի մանրամասները գրված էին Գործակալությանը Կորխի բնակիչների նամակում: