Ասֆալտի առաջին շերտն է լցվում Բավրա-Կարտիկամ-Աբուլ ճանապարհի վերանորոգվող հատվածում: Բնակիչները դժգոհ են առաջին շերտի հաստությամբ, նրանք պնդում են, որ հիմքը կարևոր դեր է խաղում ասֆալտի կայունության համար և այն անհրաժեշտ չափից ավելի բարակ է լցվում:
Գյուղացիներն ասում են, որ նման պայմաններում շուտով ասֆալտը կփչանա: Ըստ գյուղացիների, ասֆալտի բարձրությունը պետք է լինի առնվազն 10 սմ:
Այժմ ասֆալտապատվում է ճանապարհի առաջին շերտը, որն, ըստ չափանիշների, պետք է լինի 6 սմ:
Գյուղացիները չափել են ասֆալտի հաստությունը, պարզվել է, որ այն չի գերազանցում 4 սմ-ն, որոշ տեղերում նույնիսկ 3 սմ-ն:
Ներկայումս Բավրա գյուղում վերանորոգման աշխատանքներ են տարվում: Կարտիկամ և Բավրա գյուղերի բնակիչները վերահսկում են աշխատանքները:
Ըստ «Արալի» ընկերության աշխատակիցների, որը շահել է այս ճանապարհահատվածի վերանորոգման տենդերը, աշխատում են նախահաշիվներով:
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ ասֆալտը պետք է լինի երկշերտ, առաջին շերտը 6 սմ հաստությամբ, իսկ երկրորդը` 4 սմ:
Վերակառուցված ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 2 կմ, իսկ աշխատանքների կատարման համար հատկացված գումարը` 1,048,150 լարի:
Թեպետ, «Արալին» տենդերը շահել է 1 006 224.00 լարիի չափով:
Բրատիսլավ Իգիթխանյան