Կոթելիայի բնակիչների խոսքերով, հուլիսի 19-ին, ժամը 1:00-ին, գյուղի 2 բնակչին ծեծի են ենթարկել Էխտիլա գյուղից 12 հոգու: Տուժածներից մեկը դեռ Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցում է գտնվում, երկրորդը տան պայմաններում է բուժվում` սահմանափակ ֆինանսական հնարավորությունների պատճառով:

Տուժածին, որը գտնվում է Ախալցխայում, հնարավոր է տեղափոխեն Թբիլիսի: Երկրորդ տուժածը բուժվում է տանը, նա ունի քթի կոտրվածք, երեկոյան արյունահոսել է, հարազատներին հազիվ է հաջողվել կանգնեցնել արյունահոսությունը:

16-20 տարեկան երիտասարդների միջև կռիվը տեղի է ունեցել Կոթելիա գյուղում՝ անհասկանալի պատճառներով: Սկզբում Կոթելիայով անցնող երիտասարդ տղաները կանգնել են, ապա սկսվել է վիճաբանություն գյուղի երկու բնակիչների եւ այդ երիտասարդների միջեւ:

Այնուհետեւ, գիշերը երիտասարդները շարունակել են վիճաբանությունը, որը վերաճել է ծեծկռտուքի: Կոթելիայի բնակիչների խոսքերով, Էխթիլա գյուղի 12 բնակիչները հարձակվել եւ ծեծել են երկու երիտասարդներին:

Ներքին գործերի նախարարության տվյալներով, հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի «բ» և «գ» ենթակետերի համաձայն, ինչը ենթադրում է մի խումբ անձանց կողմից երկու կամ ավելի անձանց նկատմամբ բռնություն: Ինչ վերաբերում է կասկածյալներին, ըստ ՆԳՆ-ի հուլիսի 19-ի տվյալների, ոչ ոք չի ձերբակալվել: Այսօր մենք դեռևս ճշտում ենք տվյալներ և պատասխան չենք ստացել: