Այսօր, հուլիսի 19-ին, Ախալքալաքի շրջանային դատարանում տեղի ունեցավ Կիմ Կուղոյանի գործով դատավարությունը:

Կիմ Կուղոյանը մեղադրվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով՝ (3-րդ եւ 4-րդ մասեր) հրազենի ապօրինի ձեռքբերում եւ պահպանում: Այս հոդվածով նախատեսվում է ազատազրկում 3-ից 6 տարի ժամկետով: Ինչպես հայտարարեցին դատավարության ժամանակ, 1992 թ. ծնված Կիմ Կուղոյանը դատված է եղել եւ հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի:

Դատական նիստը վարում էր դատավոր Արարատ Եսոյանը, մեղադրող կողմը ներկայացնում էր դատախազ Գիորգի Օրջոնիկիձեն: Կիմ Կուղոյանի փաստաբանն է Իրակլի Բարձիմաձեն:

Մեղադրյալ Կիմ Կուղոյանը իրեն մեղավոր չի ճանաչում եւ ասում է, որ այս գործը կեղծված է:

Փաստաբան Իրակլի Բարձիմաձեն իր խոսքում նշեց, որ մեղադրական կողմի ներկայացրած մեղադրանքի ապացույցները կասկածելի են:

«Նա ընկել է, այդ պահին, եթե նա զենք ունենար, այն պետք է ընկներ, բայց չի ընկել: Զենքը հայտնաբերվել է ոստիկանության շենքում, հարցաքննության ժամանակ, սովորական խուզարկության ժամանակ: Ոչ մի տեսախցիկ չի ֆիքսել խուզարկության տեսագրությունը: Ոստիկանությունը նրան մշտապես ստիպում էր լքել երկիրը: Վստահ եմ, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի եւ նրան անմեղ կճանաչի», – ասաց փաստաբան Իրակլի Բարձիմաձեն:

Այս հայտարարություններին ի պատասխան դատախազ Գիորգի Օրջոնիկիձեն ասաց, որ փաստաբանի այն պնդումը, որ զենքը հայտնաբերվել է ոստիկանությունում չի համապատասխանում իրականությանը:

Դրանից հետո դատավարությունը տեղափոխվեց օգոստոսի 1-ին, ժամը 13: 00-ն:

Սույն թվականի Հուլիսի 12-ին, Ախալքալաքի շրջանային դատարանում տեղի էր ունեցել Կիմ Կուղոյանի գործով նախնական դատական նիստը: Մեղադրյալի փաստաբանի միջնորդությունն առ այն, որ խափանման միջոցը՝ կալանավորումը փոխվեր գրավով, չէր բավարարվել դատարանի կողմից, ուժի մեջ թողնելով 2019 թվականի մայիսի 27-ի որոշումը՝ որպես խափանման միջոց կիրառել կալանավորում:

Հիշեցնենք, որ Կիմ Կուղոյանը ձերբակալվել էր 2019 թ. մայիսի 24-ին ժամը մոտավորապես 14: 00-ին, Ախալքալաքի կենտրոնում, Խաս Բախչա այգու մոտ: Նա մեղադրվում է հրազեն ապօրինի ձեռք բերման, պահման եւ կրման մեջ:

Շուշան Շիրինյան