Բաթումին, Քոբուլեթին և Ուռեկին միշտ եղել են Ախալքալաքի բնակիչների համար առավել մատչելի, հարմարավետ և հետևաբար ամենատարածված ամառային հանգստվայրերը: Վերջերս, սակայն, եվրոպական տարբեր երկրները սկսել են ժողովրդականություն վայելել, որտեղ առանց մուտքի արտոնագրի ազատ ռեժիմը հասանելի է Վրաստանի քաղաքացիներին:

Ախալքալաքի բնակիչ, մեր զրուցակիցը պատմում է, որ նա և նրա ընտանիքը արդեն վաղուց Եվրոպա են ուղևորվում: Նա համոզված է, որ ախալքալաքցիների շրջանում եվրոպական երկրները կայուն կերպով ձեռք են բերում ժողովրդականություն:

«Մենք շատ հաճախ ենք ճանապարհորդում, լինում է տարին երկու անգամ: Մենք եղել ենք Լեհաստանում, Ավստրիայում, Հունաստանում և այլուր: Այժմ, Ախալքալաքում եվրոպական ուղղությունները շատ ավելի տարածված են դարձել, ամեն ինչ շատ ավելի հասանելի է, մուտքի արտոնագրի համար այլևս անհանգստանալու կարիք չկա, տոմսեր նույնպես կարելի է գտնել հարմար գներով՝ Թբիլիսիից կամ Քութաիսիից: Ամենը կախված է մարդկանց ֆինանսական հնարավորություններից, իհարկե, եթե կան միջոցներ, շատերը նախընտրում են Եվրոպա մեկնել: Չնայած շատ բան կախված է մարդկանց նախասիրություններից, օրինակ, Վրաստանի և Եվրոպայի հինգ աստղանի հյուրանոցները ոչնչով չեն տարբերվում և նույն գինն ունեն», – կիսվում է նա:

Ախալքալաքի տուրիստական գործակալություններից մեկում մենք իմացանք, որ բոլոր եղանակներին ամենաշատ տոմսեր վաճառվում են Ռուսաստանի ուղղությամբ: Խոպանի շրջանում ամսական մինչև 1000 տոմս է վաճառվում, իսկ ամռանն այս ուղղությունը կրկին կայուն առաջատար է: Այնուամենայնիվ, Ախալքալաքի բնակիչները գնում են՝ ոչ թե հանգստանալու, այլ աշխատելու նպատակով:

Տեղական տուրիստական գործակալությունների միջոցով դեպի Եվրոպա ճամփորդողները շատ չեն, գործակալություններից մեկի աշխատակիցն ասում է, որ ամսական մինչև 3 տոմս է վաճառվում: Ամենատարածված վայրերը Գերմանիան և Ֆրանսիան են: Չվերթներն իրականացվում են Քութայիսիից, որտեղ կարելի է գտնել շատ հարմար առաջարկներ ցածր գներով:

Տուրիստական գործակալության աշխատակցի խոսքով, վերջին երեք տարիների ընթացքում ծովափնյա հանգստավայրերից առաջատարն են եղել Եգիպտոսն ու Դուբայը, սակայն արդեն սկսել են հետաքրքրվել դեպի Անթալիա ճանապարհորդություններով:

Ախալքալաքի շատ բնակիչներ ինքնուրույն են գնում ուղեգրերը, առանց տուրիստական գործակալության, կամ էլ Թբիլիսիի կամ Երևանի տուրիստականգործակալությունների օգնությամբ: Միևնույն ժամանակ, հարցվածներից շատերը խոստովանեցին, որ սովորաբար նրանք գնում են Քոբուլեթի կամ Բաթումի, սակայն, եթե ֆինանսական միջոցները թույլ տան, մեծ ուրախությամբ կմեկնեն Եվրոպա: Այնուամենայնիվ, դեպի Եվրոպա ուղևորություններն, անկասկած, սկսում են ժողովրդականություն վայելել, մեր կողմից բոլոր հարցվածները համամիտ են այդ կարծիքի հետ, նույնիսկ նրանք, ովքեր չեն մեկնել այնտեղ:

«Մենք սովորաբար գնում էինք Բաթումի կամ Քոբուլեթի, բայց, իհարկե, միշտ ցանկանում ես զարգանալ և առաջ շարժվել: Շատերը խորհուրդ տվեցին ինձ Հունաստան մեկնել, մեր հարազատներն այնտեղ եղել էին, և մենք որոշեցինք հենց այնտեղ էլ գնալ: Երբ հնարավորություն ունես, ուզում ես տեսնել մեկ այլ մակարդակ»,-նշում է հարցվածներից մեկը:

Ըստ նրա, Եվրոպա ճանապարհորդելը շատ ավելի հետաքրքիր է:

«Թուրքիայում մենք արդեն մեկ անգամ եղել ենք: Հյուրանոցային ծառայությունից բացի, մենք որևէ առանձնահատուկ բան այնտեղ չտեսանք, իսկ Հունաստանում, ընդհակառակը, շատ հետաքրքիր բաներ կային, որոնք բառերով դժվար է նկարագրել, հրաշագեղ վայր է, որը պետք է տեսնել», – ասում է նա:

Ամառային հանգստի սեզոնն ամենակատիվ փուլում է, ինչ-որ մեկը սպասում է իր ուղևորության օրվան, ինչ-որ մեկը դեռևս մտածում է և համացանցում հարմար տարբերակներ է փնտրում, իսկ ինչ-որ մեկն էլ մտածում է. «Այս տարի էլ չենք գնա հանգստանալու…»:

Ամալյա Բաբայան