Ախալքալաքի №1 հայկական դպրոցի աշակերտուհի Ռիմա Մարանգոզյանը մեկ ուսումնական տարի կսովորի ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի ավադ դպրոցներից մեկում «FLEX (Future Leaders Exchange)» ծրագրով:
Ախալքալաքի №1 հանրային դպրոցի աշակերտուհի Ռիմա Մարանգոզյանը 12-րդ դասարանում է, սակայն այս ուսումնական տարին նա կանցկացնի ԱՄՆ-ում, ուր գնացել է “FLEX” միջազգային ծրագրի շնորհիվ: Ռիման աառաջինը չէ Ախալքալաքից, ով անցել է ընտրաշրջանը և ստացել է հնարավորություն սովորելու ԱՄՆ-ում: Մինչ նա, այս ծրագրին մասնակցել են 3 ուրիշ աշակերտներ Ախալքալաքի տարբեր դպրոցներից: Այս ծրագրի ընտրափուլերն անցնելը դժվար է և շատ քչերը հույս ունեն ընտրվելու: Իր նպատակին հասնելու համար Ռիման, և նրա անգլերենի ուսուցչուհին` Սիլվա Զադոյանը հասել են երկար ամիսներ քրտնաջան աշխատելով:
Ռիմայի խոսքով, նա արդեն ամբողջովին հարմարվել է նոր միջավայրին և նույնիսկ 11 ժամանոց ժամանակային տարբերությանը: Արդեն ընկերացել է մի հայաստանցի աղջկա հետ, ով ինչպես ինքը, սովորում և ապրում է նույն քաղաքում:
«Ես չէի վախենում, որ կլինեմ հեռու ու առանց ծնողներիս: Ավելի շատ մտածում էի, թե նրանք ինչպես կլինեն առանց ինձ: Երբ անցնում էինք օվկիանոսի վրայով, չէի վախենում, որ թռնում եմ նրա վրայով: Միայն մտածում էի հասնել տեղ ու զանգել մայրիկիս, ու ասել որ հասել եմ»,- իր տպավորություններով է կիսվում Ռիման:
Վրաստանում ուսումնական տարին դեռ չի սկսվել, սակայն Ռիման արդեն սովորում է Կոլորադոյի նահանգի ավագ դպրոցներից մեկում:
«Ես հիմա Կոլորադո նահանգում եմ, Գրիլի քաղաքում, դասերը այստեղ վաղուց սկսվել են: Ես ապրում եմ մի շատ փոքրիկ ընտանիքում, ունեմ host mother (ընդունող տանտիկին) և host sister (մեկ այլ ծրագրի մասնակից), նա ուսանողուհի է Ալբանիայից փոխանակման ծրագրով: Իմ «host» մայրիկը ունի 4 երեխա, թոռներ և ծոռներ, բայց ապրում է միայնակ»,- պատմում է Ռիման:
Ապագա լիդերը մեծ հիացմունքով պատմում է ոչ միայն իր «մի տարվա ընտանիքի» մասին, այլ նաև դպրոցի, որտեղ սովորում է:
«Իմ դպրոցը այնքան էլ մեծ չէ, ընդհամենը 450 աշակերտ 8-12 դասարանների և անվանվում է «Միացյալ Գաղութների Ավագ Դպրոց»: Այստեղ դպրոցները տարբերվում են մեր դպրոցներից: Դու ինքդ ես ընտրում այն առարկաները, որոնք ցանկանում են ուսումնասիրել: Անընդհատ փոխում եմ դասարանները և դասընկերներիս: Ոսուցիչները լավն են, ինձ շատ են դուր գալիս: Դասերն էլ դժվար չեն, բայց խնդիրներ կան բառերի հետ, կան բառեր որոնք չեմ հասկանում, բայց ինձ թույլատրվում է օգտվել բառարանից: Մեր դպրոցում կա 6 աշակերտ որոնք եկել են փոխանակման ծրագրով: Մեզ համար կա հատուկ առարկա «ESL English»– անգլերենը, որպես երկրորդ լեզու:
Դասերից հետո կան տարբեր ակտիվություններ: Ես ընտրեցի թատրոնը, քանի որ Ախալքալաքում ոչ մի անգամ չեմ կարողացել փորձել դերասանական արվեստը, ինչը կարծում եմ իմ մոտ շատ լավ է ստացվում: Իսկ այստեղ ես ունեմ շատ լավ հնարավորություն խաղալու բեմին, ես այս հնարավորությունը բաց չթողեցի և սեպտեմբերից կօգտվեմ դրանից»,- պատմում է Ռիմա Մարանգոզյանը:
Ոչ կոմերցիոն փոխանակման ծրագիր «FLEX (Future Leaders EXchange)»-ը Վրաստանի բարձր դասարանցիների համար սկսեց գործել 1992 թվականից: Ըստ ծրագրի մասնակցող աշակերտը հնարավորություն ունի սովորելու ԱՄՆ-ի դպրոցներում մեկ ակադեմիական տարի: Այդ ժամանակահատվածը աշակերտը ապրում է սովորական ամերիկյան ընտանիքներում, մասնակցություն ունենալով սոցիալական կյանքին:
Ծրագիրը նախաձեռնել է ԱՄՆ-ի սենատորներից մեկը` Բիլ Բրեդլին, ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տվեց ծրագրին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 1992 թվականին:
Ծրագրի նպատակն էր բարձրացնել երկար ժամանակ գոյություն ունեցող «երկաթյա վարագույրը» ԱՄՆ-ի և փլուզված ԽՍՀՄ-ի երկների միջև և ստեղծել փոխըմբռնման հնարավորություն: Ծրագրին մասնակցությունր կենսաթոշակով է և ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից:
Ծրագրի մասնակիցները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին` լինեն 8-10-րդ դասարանի աշակերտներ, սովորեն լավ կամ գերազանց, տիրապետեն անգլերեն լեզվին (ինչը համարվում է գերակա չափանիշ ընտրության ժամանակ), ԱՄՆ-ի այցեհրավեր ստանալու համապատասխան լինեն:
Մասնակիցները պետք է ներկայացնեն բժկական փաստաթղթեր առողջական վիճակի վերաբերյալ: Ամեն տարի ընտրաշրջանը ավարտվում է գարնանը և ապրիլ ամսվա վերջին արդեն հայտնի են դառնում թեկնածուների անունները:
Ծրագրի համաձայն մասնակիցները անցնում են 3 ընտրափուլ: Առաջին փուլը անգլերենի իմացության 15 րոպեանոց թեստ է, որը պարունակում է 10 հարց բառագիտությունից և 6 հարց տեքստից: Երկրորդ փուլը ավելի դժվար է և տևում է 2 ժամ: Աշակերտները հանձնում են անգլերեն լեզվի իմացության թեստ, որը պարունակում է listening(լսելու), writing(գրելու), reading(կարդալու), (SLEP TEST մեթոդով), և երեք շարադրություն անգլերեն լեզվով: Երրորդ փուլը– հարցազրույց է թեկնածուի հետ անգլերեն և մայրենի լեզուներով, հոգեբանական խաղ կիսաեզրափակչի մասնակիցների հետ, երկու էսսե և հարցաթերթիկի լրացում:
«Մասնակցելու համար հարկավոր է որպեսզի դպրոցը մասնակցի հետևյալ ծրագրին: Ես ոչ ոքի չեմ դիմել: Միայն իմացել եմ առաջին փուլի օրը և ժամը: Առաջին 2 փուլերը անցկացվում էին Նինոծմինդայում, և մասնակցում էր մոտ 40 աշակերտ: Առաջին փուլը անգլերենի իմացության թեստավորում էր: Երկրորդ փուլին 40 րոպեի ընթացքում պետք է գրեինք 3 էսսե: Երրորդ փուլը դեկտեմբերին էր, կար թեստավորում, էսսե, հարցազրույց և խմբակային խաղեր: Իմ անգլերենը այնքան էլ բարձր մակարդակի չէր և ինձ ուղարկեցին մեկ ամսով թրենինգների Մոլդովա, Քիշնև: Հաճախում էինք դպրոց և անընդհատ խոսում անգլերեն լեզվով: Խիստ ռեժիմ էր` առանց հեռախոսի և ինտերնետի: Վրաստանից ընդհամենը 80 հոգի էինք, բայց Քիշնևում ընդհամենը 6-ն էինք»,- պատմում է 2015-2016 «FLEX»-ի ծրագրի մասնակից Ռիմա Մարանգոզյանը:
Քրիստինե Մարաբյան