Հասարակություն 18 Հուլիսի, 2019 • Բարձրահարկ շենքերի բնակիչները պահանջում են չորացնել «Երեւանյան ծովը»

Հորդառատ անձրեւների ժամանակ, Երեւանյան փողոցի բազմահարկ շենքերի բնակիչները չեն կարող դուրս գալ իրենց տներից, կամ եթե դրսում են գտնվում՝ մուտք գործել շենք, ինչպես նաեւ իրենց ավտոտնակներ: Ջուրը հավաքվում է բակում եւ հետո ներծծվում է շենքի հիմքում: Սա առաջին տարին չէ, որ բնակիչները դժգոհում են:

Արհեստական ծով երկար սպասված մաքրության փոխարեն

Այսօր Երեւանյան փողոցի 53 ա շենքի բնակիչներն Ախալքալաքի քաղաքապետարան էին եկել բողոքելու: Նրանք եղան Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Շալվա Բալախաձեի մոտ:

Երեւանյան փողոցի 53 ա շենքի բակը ասֆալտապատվել է 5 տարի առաջ: Շինարարական աշխատանքների ընթացքում ասֆալտի մակարդակը ճիշտ չի հաշվարկվել: Ինչպես նաև չի գործում ջրահեռացման համակարգը: Անձրևներից հետո անհնար է տեղաշարժվել բակով, մի շքամուտքի բնակիչները նույնիսկ չեն կարողանում մտնել իրենց բնակարաններ, քանի որ շքամուտքի մոտ ջուր է հավաքվում:

«Ջուրը փակել է շքամուտքը: Ջուրը հավաքվում է այնտեղ, հոսելու տեղ չունի, ու այն ներծծվում է նկուղ: Բնակարաններն արդեն խոնավացել են դրանից, խոնավության եւ բորբոսի հոտ է գալիս», — դժգոհում է Թագուհի Ղարագյոզյանը:

Լենա Մղդեսյանն ասում է, որ արդեն 3-րդ տարին է նրանք այս վիճակում են:

«Շինարարության ընթացքում մենք մեր դժգոհությունը հայտնում էինք շինարարներին, որ նրանք սխալ են անում, բայց նրանք մեզ պատասխանում էին, որ դա մեր գործը չէ, որ մենք չխառնվենք: Երկու տարի առաջ բողոք էինք գրել (քաղաքապետարան), նրանք խոստացել էին օգնել մեզ, բայց ոչ մի արդյունք», — բողոքում է Լենա Մղդեսյանը:

Սոնա Վարդանյանը, իր ավտոտնակ հասնելու համար, շրջանցում է բակը:

Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսության եւ ենթակառուցվածքների բաժնի մասնագետ Ռազմիկ Նահատակյանն ասում է, որ բակի ասֆալտապատման նախագծում նախատեսված չէր ջրահեռացման համակարգ, սակայն շինարարը կառուցել էր, բայց այն փոքր է եւ չի արդարացնում հորդառատ անձրեւների ժամանակ:

«Հիմա մենք պետք է քանդենք եւ վերակառուցենք այն, պետք է փոխել ջրահեռացման համակարգը», — ասաց Ռազմիկ Նահատակյանը:

Քաղաքապետարանում խոստացան օգնել բնակիչներին, չնայած ասացին, որ բյուջեում փող չկա:

Շալվա Բալախաձեն խոստացավ, որ նրանք կաշխատեն օգնել, նոր նախագիծ կկազմեն, հնարավորության դեպքում կվերակառուցեն, սակայն, պարզ չէ թե երբ դա կլինի:

Շուշան Շիրինյան

Վերատպման կանոն