Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնը (ՀԱԿ) մեկ տարի առաջ լիազորություն էր ստացել ստուգել գեղեցկության սրահները, եւ այնտեղ խախտումներ հայտնաբերելու դեպքոււմ տուգանել նրանց: Սակայն, ՀԱԿ-ը դեռ միայն հանձնարարականներ է տալիս, մինչ օրս վարչական իրավախախտման վերաբերյալ ոչ մի արձանագրություն չի կազմվել:

Անցյալ տարի, Վրաստանի Առողջապահության նախարարությունը հանդես էր եկել Հանրային առողջապահության կենտրոնների լիազորություններն ընդլայնելու նախաձեռնությամբ եւ նրանց տուգանելու հնարավորություն տալ գեղեցկության սրահներում խախտումներ հայտնաբերելու դեպքում:

Առողջապահության նախարարության նախաձեռնությունն ընդունվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից, իսկ 2019 թ. փետրվարին Սակրեբուլոն հաստատում է ՀԱԿ-ի լիազորությունների ընդլայնմանը վերաբերող դրույթը:

ՀԱԿ- ը սկսել է քաղաքի գեղեցկության սրահների ստուգումը: Քաղաքում դրանք մոտ 40-ն են:

ՀԱԿ-ն իրավունք ունի կազմել վարչական իրավախախտման մասին արձանագրություն եւ այն հետագա որոշման համար ներկայացնել դատարան: ՀԱԿ- ը կարող է տուգանել 50 լարիից մինչեւ 5000 լարի:

Գեղեցկության սրահների ստուգման համար Ախալքալաքի ՀԱԿ-ում ստեղծվել է հինգ հոգուց բաղկացած հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահն է բժիշկ կանխարգելիչ Նազելի Դեմուրճյանը: Ստուգումն իր մեջ ներառում է տարբեր չափանիշներ, բայց հիմնականը հիգիենան եւ մաքրությունն է:

Ախալքալաքի ՀԱկ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանի խոսքով, հարցաթերթիկը բաղկացած է մոտ 200 հարցից:

«Ամենակարեւորը, ես ասել եմ, առաջին հերթին ստուգել հեպատիտ C- ի տարածման կանխարգելման պայմանները, որպեսզի գործիքները ախտահանվեն: Ընդհանուր առմամբ, մեզ մոտ շատ քիչ քանակությամբ գեղեցկության սրահներ են բավարարում չափանիշներին », – ասում է Ավետիք Տոնականյանը:

Ախալքալաքի ՀԱԿ-ը գեղեցկության սրահների ստուգումը սկսել է անցյալ տարի, սակայն նա դեռևս չի կազմել ոչ մի արձանագրություն, քանի որ խախտումների դեպքում կենտրոնը ներկայանում է հանձնարարականներով, թե ինչպես ուղղել դրանք:

«Մենք անցյալ տարվանից շրջում ենք գեղեցկության սրահներով: Վերահսկում ենք եւ օգնության կարգով ասում ենք, թե ինչ պետք է անել, ինչն է բացակայում, եւ ինչ է հարկավոր գնել: Մենք դեռ չենք պատրաստվում տուգանել, այլ ուզում ենք օգնել նրանց ճիշտ աշխատել: Չափանիշները նույնպես անընդհատ փոխվում են », – ասում է Նազելի Դեմուրճյանը:

Հանձնաժողովը իրավունք ունի տարին երկու անգամ ստուգել գեղեցկության սրահները: Այս տարի, նախորդ տարվա համեմատ, ըստ Նազելի Դերմուրճյանի, առաջընթաց կա, թեեւ գեղեցկության սրահները դեռեւս չափանիշներից հեռու են:

«Շատ մեծ փոփոխություններ կան, բայց դեռ պետք է աշխատել: Ինչ պահանջվում է չափանիշներով, ես բացատրել եմ նրանց, եւ նրանք գնել են: Մի սրահը ես մի քանի անգամ եմ գնում եւ բացատրում: Առաջին անգամ ոմանք դժգոհ ընդունեցին, բայց հետո բացատրեցինք, որ այս ամենը իրանց համար է: Յուրաքանչյուրին պետք է անհատական մոտեցում: Մեր նպատակը ոչ թե տուգանելն է, այլ այն, որ հիգիենայի չափանիշները պահպանվեն », – ասում է Նազելի Դեմուրճյանը:

Առայժմ դեռ շարունակում են Ախալքալաքի գեղեցկության սրահների ստուգումը, հենց դրանք ուղղեն իրենց սխալները, ՀԱԿ-ը կսկսի գյուղերի գեղեցկության սրահների ստուգումը:

Շուշան Շիրինյան