Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոկիո գյուղում դպրոցի հատակը վատ վիճակում է, ճանապարհը չհուսադրող, գյուղը չունի մանկապարտեզ, սակայն մունիցիպալիտետը հետիոտնի համար կամուրջ է կառուցում` արդեն կառուցվածի կողքին:

Երկու տարի առաջ Կոկիո գյուղում գյուղացիները կառուցել էին հետիոտնի համար նախատեված կամուրջ, որն իրար է կապում գյուղի երկու հատվածները: Կամուրջը բավականին լավ վիճակում է: Հին կառույցի կողքին այժմ նոր կամուրջ է կառուցվում: Այս շինարարության համար հատկացվել է 12 656 լարի:

Գյուղացիների խոսքերով, իրենք կցանկանային, որ այդ գումարով գյուղի այլ խնդիրները լուծվեին, քանի որ նրանք կամրջից օգտվում էին առանց որևէ խնդիրների: Այնուամենայնիվ, կառուցման տենդերն արդեն ավարտված է և աշխատանքները սկսվել են: Տենդերը հաղթել է Արշակ Ամոյանը:

«Օրինակ, դպրոցի հատակը փչացած է, հնարավոր էր փոխել այդ գումարով»,- ասում է Շալվա Հակոբյանը:

2

Գյուղում ապրում է շուրջ 120 ընտանիք: Եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է: Ոմանք գնում են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքների:

1

«Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Կոկիո գյուղին հատկացվել էր 16 000 լարի: Այս պահին այդ գումարով վերանորոգվում է գյուղի ակումբը:

3

Գյուղացիների խոսքով, Կոկիոյից մինչև Ազավրեթ՝ 4 կմ է, բայց ճանապարհներն այնքան վատ են, որ ամեն անգամ ստիպված են երթևեկել շրջանցումներով և կորցնել ավելի շատ ժամանակ ու միջոցներ:

«Մեզ համար ամենակարևոր խնդիրը ճանապարհներն են, մնացածի վրա դեռ կարող ենք աչք փակել», – ասում է Սասուն Հակոբյանը:

Կոկիո գյուղի լիազոր Համայակ Գալստյանի խոսքով, գյուղում շատ խնդիրներ կան, բայց ամեն ինչ լուծվում է հերթով:

«Ալաստան գյուղի նախկին հիվանդանոցի շենքում, ուզում են մանկապարտեզ կառուցել, այն կծառայի նաև մեր գյուղին», – ասում է Համայակ Գալստյանը:

Սակայն, երբ դա կլինի, դեռ հայտնի չէ:

Բրատիսլավ Իգիթխանյան