Լուսանկարից անմեղ ու անհոգ աչքերով նայող երեխաները Մուշի որբանոցի հայ սանուհիներն են իրենց ուսուցչուհու՝ Մարգարիտի հետ: Լուսանկարն արվել է «Կանանց առաքելության աշխատողներ» սկանդինավյան կազմակերպության անդամ, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնի կողմից: Մինչև 1915 թվականի ողբերգական իրադարձությունները Բոդիլ Բյորնն աշխատել է Մուշի և Մեզրեի (Խարբերդի նահանգ) որբանոցներում:

1915 թ. ամռանը՝ Մուշի հայ բնակչության կոտորածների ժամանակ, քաղաքը հրկիզվեց թուրքական բանակի կողմից. հազարավոր հայեր ողջակիզվեցին իրենց տներում: Ուսուցչուհի Մարգարիտը և իր աշակերտները, համաձայն լուսանկարի դարձերեսին Բոդիլ Բյորնի թողած գրության, նույնպես ողջակիզվել են: Թուրքական ոճրագործությունների ականատես քույր Բոդիլը հոգեկան խոր ապրումներ է ունենում՝ մեկ օրում կորցնելով որբանոցի իր սաներին, որոնց իր մայրական ջերմ սերն ու գուրգուրանքն էր տվել տարիներ շարունակ: Անօգնական երեխաների ճիչերն ու օգնության կանչերը դաջվեցին Բոդիլ Բյորնի հիշողության մեջ:

1916 թվականին, կրկին վերադառնալով Մուշ, Բոդիլն իր հայազգի օգնական Կարապետ Եղիազարյանի հետ քաղաքի փողոցներից և լքված տներից հավաքում է 34 որբ տղաների ու աղջիկների, կերակրում և ապաստան է տալիս նրանց՝ փրկելով վերահաս մահից, ինչը դժբախտաբար նա չկարողացավ անել իր որբանոցի սաների պարագայում:

«Իմ որբերին կորցնելուց հետո ես հոգեպես շատ տանջվեցի, սակայն ծանր հուսահատությունն ինձ չընկճեց, որպեսզի անմիջապես հեռանայի, վերադառնայի իմ հայրենիք: Հինգ ամիս մնացի Խարբերդում: Անհամբեր սպասում էի մի առիթի, որ նորից կարողանայի Մուշ վերադառնալ և հետաքրքրվել՝ գուցե իմ որբերից մի քանիսին կենդանի գտնեի, սիրտս հանգստանար»: (Մուշ, 1916 թ.)

Հայոց ցեղասպանության պատմությունը փաստագրված է տասնյակ հազարավոր վավերագրերով: Բացառիկ փաստագրական ապացույց են Հայոց ցեղասպանության տարիներին հայ և օտարազգի լուսանկարիչների արած հարյուրավոր լուսանկարները:

Տարեցտարի ի հայտ են գալիս Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները փաստող նոր լուսանկարներ, որոնք հնարավորություն են տալիս առնչվելու տեղի ունեցածին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեկ տեղում՝ «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» գրքում է հավաքել հայերի կոտորածը պատկերող լուսանկարներ, որոնց մի մասն ArmenianGenocide100.org-ը պարբերաբար ներկայացնում է:

Բոդիլ Բյորն
նորվեգացի միսիոներուհի
Հայոց ցեղասպանության ականատես
Լուսանկարի աղբյուրը՝ Նորվեգիայի թագավորական արխիվի հավաքածու