Ախալքալաքի մունիցիպալիտետի 11 դպրոցներում կսկսվեն վերանորոգման աշխատանքները: Իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետի եւս 10 դպրոցների համար կազմվում են վերանորոգման նախագծերը: Հիմնականում կկառուցվեն կամ կվերանորոգվեն դպրոցների սանհանգույցները:

Այս տարի, Բարձրալեռ շրջանների զարգացման հիմնադրամից, Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներ վերանորոգման համար հատկացվել է 1 370 000 լարի: Այս գումարով մունիցիպալիտետը մտադիր է վերանորոգել 21 դպրոց՝ 3 քաղաքի եւ 18 գյուղական դպրոց: Սակայն հնարավոր է ոչ բոլոր դպրոցները վերանորոգվեն: Վերանորոգվելիք դպրոցների կոնկրետ թիվը կախված է հատկացված գումարի չափից:

Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության եւ շինարարության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Կարինե Բաթոյանի խոսքով, նրանք պատվիրել են առավելագույն թվով նախագծեր, որպեսզի հիմնական գումարներից խնայողության դեպքում նախագծերը պատրաստ լինեն:

Նախագծերի կազմման համար գումարը հատկացվում է դպրոցների վերանորոգման համար նախատեսված ընդհանուր գումարից եւ կազմում է 3 տոկոս:

Ըստ ղեկավարի պաշտոնակատար Կարինե Բաթոյանի, նախագծերը խստորեն ստուգվում են ստանդարտների համապատասխանության առնչությամբ:

«Այս նորոգումների համար սահմանված են խիստ նորմատիվներ: Բոլոր նախագծերը փորձաքննություն են անցել: Որոշները վերադարձվել են փոփոխության, քանի որ դրանք չեն համապատասխանել չափանիշներին: Քանի որ գյուղերի դպրոցներում կոյուղագծեր չկան, ապա այնտեղ կկիրառվեն հակասեպտիկներ: Եթե դպրոցներում համապատասխան տարածք չկա, ապա կառուցվում է », – ասում է Կարինե Բաթոյանը:

Աշխատանքների կատարման տենդերներ հայտարարվել են հետեւյալ դպրոցներում՝ Չամդուրա (199 249 լարի), Տուրցխի (50 273 լարի), Բեժանո (64 841 լարի):

Արդեն հայտնի է Ալաստանի դպրոցի վերանորոգման կատարողը: Այս աշխատանքը կիրականացվի անհատ ձեռնարկատեր Լեւոն Քերոփյանի կողմից, նախնական գումարը 71,918 լարի էր, նա տենդերը շահել է 68 000 լարիի չափով: Այս դեպքում տնտեսվել է 3918 լարի:

Մաջադիա եւ Կուլիկամ գյուղերում դպրոցների վերանորոգման համար հայտարարվել է մի տենդեր: 141 077 լարի նախնական գումարով անհատ ձեռներեց Աղվան Քոսյանը շահել է այն 135 976 լարիով:

Ձեռնարկատեր Լեւոն Քերոփյանը 99.000 լարիով կաշխատի Դադեշի եւ Ախալքալաքի թիվ 1 դպրոցներում, նախնական գումարը եղել է 107 860 լարի:

Ձեռնարկատեր Վարդ Մկոյանը 32,039 լարիով զբաղվելու է Էխտիլա գյուղի դպրոցի աշխատանքներով, նախնական գումարը եղել է 39,998 լարի:

Բոզալի եւ Կարծախ գյուղերի դպրոցներում ջրամատակարարման համակարգ անկացնելու համար տենդերը շահել է «Գոլդ 777» ընկերությունը: Մրցույթի փաթեթը ներառում է ջրամատակարարման համակարգի անցկացման 6 աշխատանք: Բոզալի գյուղի դպրոցի վրա կատարվելիք աշխատանքները կազմում են 1694 լարի, Կարծախ գյուղինը՝ 4331 լարի:

Վաչիան դպրոցի եւ Ախալքալաքի թիվ 5 դպրոցի վերանորոգման աշխատանքների տենդերը չի կայացել, քանի որ մրցույթին մասնակիցներ չեն եղել: Այդ աշխատանքների համար հայտարարվել էր 136,043 լարի չափով մի տենդեր:

Քաղաքապետարանի Ենթակառուցվածքային բաժնում հույս ունեն, որ մինչ ուսումնական տարվա սկիզբը բոլոր դպրոցներում աշխատանքները կավարտվեն:

Շուշան Շիրինյան