Պետդուման, այսօր՝ հուլիսի 9-ի լիագումար նիստում միաձայն ընդունել է «Վրաստանում հակառուսական սադրանքների հետ կապված հնարավոր տնտեսական ճնշումների մասին» հայտարարության մասին որոշումը:

«Ոչ բարիդրացիական գործողությունների շարունակման կապակցությամբ Պետդուման ՌԴ կառավարությանը խորհուրդ է տալիս վերանայել «Հատուկ տնտեսական միջոցների և հարկադրական միջոցների մասին» Դաշնային օրենքով նախատեսված հատուկ տնտեսական միջոցների կիրառումը Վրաստանի առնչությամբ, և համապատասխան առաջարկներ ներկայացնել ՌԴ Նախագահին», – ասված է փաստաթղթում:

«Մենք անընդունելի ենք համարում մեր երկրի հասցեին ուղղված վիրավորանքները, սպառնալիքը մեր քաղաքացիների հասցեին, մեր նախագահի վարկաբեկումը», – ընդգծել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

Նա պարզաբանել է, որ խոսքն առաջին հերթին գնում է՝ վրացական գինիների և ջրի Ռուսաստան ներմուծման արգելքի մասին, ինչպես նաև Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների սահմանափակումների մասին: Նրա խոսքով, այսօրվա դրությամբ Ռուսաստանն առաջինն է դրամական փոխանցումների ծավալով, վերջին երկու տարիների ընթացքում դրամական փոխանցումների ծավալը մեկուկես անգամ ավելացել է և կազմում է 641 մլն դոլար:

«Դրանք շատ մեծ միջոցներ են: Եթե վերցնենք և միացնենք այդ միջոցների փոխանցումները՝ Ռուսաստանի տարածքում գինու և ջրի վաճառքից Վրաստանի կողմից ստացվող եկամուտներին, ինչպես նաև մեր զբոսաշրջիկների այցելություններից ստացված եկամուտները, մենք կստանանք ՀՆԱ-ի շուրջ 10%-ը, որը Վրաստանն ընդհանուր առմամբ ստանում է որպես պետություն», – ասել է Պետդումայի նախագահը: