«Ռոնդելի» հիմնադրամի Ախալքալաքի գրասենյակում քաղաքի դպորցների ուսուցիչներին օգնում են, որպեսզի նրանք կարողանան հաջողությամբ հանձնել ընդհանուր ունակություններ առարկայի քննությունը:

Ախալքալաքում «Ռոնդելի» հիմնադրամը հայերեն և ռուսերեն լեզվով վարժանքներ է անցկացնում ուսուցիչների համար: Վարժանքներին մասնակցում են Ախալքալաք քաղաքի դպրոցների ուսուցիչները:

«Մշտապես մեր ուշադրության կենտրոնում է եղել տեղի բնակչության ակտուալ խնդիրները և դրանցից ելենլով մենք միշտ հրավիրել են ենք փորձագետների, որոնք կարող են ճիշտ և օգտակար տեղեկություն տալ բնակչությանը: Այժմ, շատ կարևոր է ուսուցիչների քննության հարցը: Եվ որոշեցինք հրավիրել մասնագետի, որ ուսուցիչներին օգնենք, հասկանան քննությունների իսկական հանձնելու ձևը, ինչ բարդություններ կան, ինչ հարցեր և այլն: Բանն այն է, որ հայկական դպրոցների ուսուցիչները պետք է քննություն հանձնեն վրացերենով, իսկ վրացերենը խնդիր է», – ասաց Ախալքալաքում «Ռոնդելի» հիմնադրամի ներկայացուցիչ Դալի Աղդգոմելաձեն:

Հուլիսի 10-ից մինչև 21-ը, Վրաստանում մանկավարժները քննություններ կհանձնեն տարբեր առարկաներից, իրենց մանկավարժական իրավասությունը հաստատելու համար: Իսկ հուլիսի 10-ին և 11-ին ուսուցիչները քննություն կհանձնեն մասնագիտական ունակություն առարկայից վրացերենով:

Քննությունները բարեհաջող հանձնելու դեպքում, ուսուցիչները կկարողանան բարձրացնել ուսուցչի կարգավիճակը, որի համապատասխան էլ կբարձրանա նրանց աշխատավարձը:

Ջավախքի հայկական դպրոցների ուսուցիչների համար բարդ է վրացերենով քննություն հանձնել ընդհանուր ունակություններ առարկայից: Նշենք, որ քննության պահանջը վրացերենով է, սակայն մանկավարժները հնարավորություն ունեն հայերենով պատասխանելու:

Ախալքալաքում «Ռոնդելի» հիմնադրամի ներկայացուցիչ Դալի Աղդգոմելաձեի խոսքերով, ուսուցիչների քննությունների ավարտից հետո, իրենց գրասենյակում վրաց լեզվի խումբ կբացվի և հայկական դպրոցների մանկավարժները կարող են անվճար սկզբունքներով հաճախել դասընթացների:

«Ուզում եմ հայտարարել, որ հենց այս քննություններն ավարտվեն, կբացենք վրաց լեզվի խումբ այն ուսուցիչների համար, որոնք պետք է հանձնեն քննությունը նոյեմբեր ամսին: Ուզում եմ հիշեցնել, որ սա վերջին փուլն է, և դրանից հետո չեն կարող քննություն հանձնել: Խումբը բացվում է, որպեսզի քննություններ հանձնելու հարցը մեզ համար այդքան ցավալի չլինի: Մենք կօգնենք, որ ուսուցիչները կարողանան հաղթահարել տերմինաբանությունը», – ասաց Դալի Աղդգոմելաձեն:

«Ռոնդելի» հիմնադրամի Ախալքալաքի գրասենյակում կսպասեն մինչև հուլիսի 20-ը, մինչև ավարտվեն ուսուցիչների քննությունները, որպեսզի քննությունների արդյունքների հիման վրա էլ կարողանան ծրագիր մշակել, և, ըստ այդմ էլ կարողանան օգնել ուսուցիչներին:

Առաջիկա օրերին կայանալիք քննություններին աննախադեպ քանակության դիմորդներ են գրանցվել: Քննություններին գրանցվել է 30 000 մարդ: