Ախալքալաքի շրջանի Գումբուրդո (վրաց.Կումուրդո) գյուղում խնամքով պահպանում են ավանդական օդան` պատմական տունը, որտեղ նախկինում ապրել են ախալքալաքի հայերը:

Անծայրածիր փռված լեռնային բնանկարներ, հացահատիկի ու խոտի մոխրագույն դաշտեր, կանաչ անտառներ և երկնքի գույներով զարդարված` Զրես լիճը: Բնության գեղեցկությունը շեղում է երկար և վատթարագույն վիճակում գտնվող ճանապարհից, որ տանում է Գումբուրդո գյուղ:
DSC_0634
Գումբուրդոն Ախալքալաքի շրջանի ամենահետաքրքիր ու գեղեցիկ գյուղերից մեկն է: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1740 մ բարձրության վրա: Գյուղատնտեսական հողերը տեղ-տեղ կտրվում են զառիվայրերով, որտեղ կանգնելով կարելի է տեսնել Ասպինձայի շրջանի պատմական Վարձիան:
DSC_0520
Գումբուրդոն հայտնի է ոչ միայն իր գեղեցիկ բնանկարներով, այլ նաև այստեղ է գտնվում Վրաստանի ամենահին ու վիճելի եկեղեցիներից մեկը, այստեղ են գտնվում սուրբ մասունքը, որը խնամքով պահպանում ու մեծարում են տեղի բնակիչները: Գումբուրդոցիները համարվում են այն համայնքներից, որոնք առավելագույնս պահպանել են Ախալքալաքի շրջանի հայկական ավանդույթները: Իզուր չէ, որ ամենաշատը այստեղ են պահպանվել ավանդական հին սենյակը` օդան: Ինչպես բացատրեցին գյուղում` օդա նշանակում է կացարան: «Մենք թուրքերենով անվանում էինք ,,յազլխ’’: Սա այն սենյակն է, որտեղ մարդիկ քնում էին»:

Գումբուրդոյի ամենահին օդան 100 տարուց ավելի պատմություն ունի, այն մինչև օրս պահպանում և օգտագործում է Վարդանյանների ընտանիքը: Երբ մենք եկանք Վարդանյանների հյուրասեր ընտանիք, տիկին Վարվարան, ում գյուղում կոչում են Վավար, հաց էր թխում օդայում, ինչը նա անում է երկար տարիների ընթացքում:
DSC_0369

DSC_0385

DSC_0395
Այն ժամանակների համար մեծ սենյակը, փայտյա առաստաղով, զարդարված ձեռագործ նախշերով, եզակի է ու գեղեցիկ: Օրվա տարբեր ժամերին առաստաղի զարդերը ընդունում են շագանակագույնի տարբեր երանգներ: Տերերը իրենց ուժերով պահպանում են փայտը փտելուց` քսելով դրա վրա անգույն լաք: Փայտյա ծածկարանները նախկինում ծառայել են որպես մահճակալ, ամբողջ ընտանիքի անդամները քնում էին մեկ «մահճակալում»: Սենյակը լուսավորվում է առաստաղի փոքր ճեղքվածքից, ստեղծելով հետաքրքիր պատմական մթնոլորտ:
DSC_0364

DSC_0432

DSC_0409

DSC_0392
Այն կառուցվել է տանտիրոջ՝ Թադևոս Վարդանյանի ապուպապի կողմից` 1897 թվականին, նրանից հետո` ինչ ապուպապը փախել է Էրզրումից: Տանտիրոջ խոսքով ապուպապը ղեկավարել է 7 գյուղ: Այստեղ այն ժամանակներում ապրել է 40 մարդուց բաղկացած ընտանիք: Այն ժամանակներում այսպիսի զարդարված և մեծ օդան ապահովածության նշան էր:
DSC_0391

DSC_0390
«Այստեղ ապրում էր 5 եղբոր ընտանիք: Ամեն մեկը ինչ-որ տեղ ապրում էին` ոմանք օդայում, իսկ մյուսներն էլ գոմում: Բայց հետո բոլորը հեռացան և թողեցին իմ սկեսրայրին` քանի որ նա ընտանիքի ամենափոքր տղան էր: Երբ ես ամուսնացա` 15 տարեկան էի, այն ժամանակ մենք էլ ընտանիքով ապրում էինք այստեղ: Մենք 9 հոգի էինք ընտանիքում, այդպես ապրեցինք 12 տարի: Հետո բակում կառուցեցին տուն ու տեղափոխվեցինք այնտեղ: Ես իմ երեխաներին մեծացրել եմ այստեղ, գիտեք, դժվար չէր: Այստեղ քնում էինք մենք, այն կողմում սկեսուրս ու սկեսրայրս, իսկ երեխաները այ այն կողմում, մինչև տունը կառուցեցինք: Մենք ունեինք թոնիր, ուտելիքը պատրաստում էինք այնտեղ: Երբ ես ամուսնացա արդեն կային բուրժույկա վառարանները, բայց մինչ այդ ջեռուցում չկար ու մարդիկ ձմռանը տաքանում էին ընտանի կենդանիների ջերմությունից, գոմը կողքին էր», – պատմում է Վարվարա Վարդանյանը, շարունակելով հունցել հացի խմորը:
DSC_0444

DSC_0454
Վավարը` պատմելով մեզ ցույց տվեց վառարանի զարդարված ճակատային քարը, որ 15 տարեկան հարս լինելով պատահական էր գտել հաստ գիպսի տակ, ինչով այն ժամանակ զարդարում և հարմարություն էին ստեղծում տներում:
«Նախկինում մեզ մոտ` օդա նստելու էին գալիս շատ հյուրեր: Գալիս էին տարեցներ, նստում էին իմ սկեսրայրի հետ` խաղում նարդի, այլ խաղեր, խոսում, ոտքերը տաքացնում վառարանի մոտ: Վառարանի վրայի զարդանախշերը ես պատահական եմ հայտնաբերել: Երբ նոր էի ամուսնացել, Ամանոր էր, ես երեք օր առաջ սկսել էի հավաքել տունը, ինչը ընդունված է մեզ մոտ: Տունը մաքրելու ժամանակ պատահաբար վառարանի վրայի զարդանախշերը գտա, որը հաստ գիպսով ծածկել էր սկեսուրս: Նա գիտեր դրա մասին: Այնտեղ կար քար, որի վրա փորագրված էր: Մենք նավթով մաքրեցինք, հետո ներկեցինք տարբեր գույներով իմ տալի տղայի հետ: Այնտեղ երկու առյուծ կա: Սկեսրայրս, այդ առյուծներին անվանում էր Ասլան և Խափլան: Դրանց վերևում լարախաղացն է պարանի վրա», – պատմում է Վարվարա Վարդանյանը:
DSC_0458

DSC_0497

DSC_0471

DSC_0486
Օդայում առանձնահատուկ են ձևավորված նաև կավե սափորները և թեյնիկները: Սափորները իր ձեռքերով պատրաստել է Վարվարի սկեսուրը, գեղեցկության համար զարդարել է մազութով: Նման սափորներ կարելի է տեսնել նաև Վարդանյանների հին տան այլ սենյակներում: Այնտեղ է գտնվում նաև աղոթատեղին` փայտյա առաստաղով:

Թեև Գումբուրդոն համարվում է ամենից շատ օդաներ պահպանած գյուղը, այնուամենայնիվ բնակիչները տեղափոխվում են լավ կահավորված և հարմարավետ տներ: Հիմնականում օդաները բնակելի սենյակից վերածվում են կիսաքանդված սենյակների կամ գոմերի, որտեղ պահում են ընտանի կենդանիներին, ոմանք այն օգտագործում են որպես խոհանոց:

«Այդպիսի սենյակներ քիչ են մնացել: Սա մեր տոհմի գանձն է: Այս սենյակի համար ես ու ամուսինս մնացել ենք գյուղում: Բոլոր երեխաներս ապրում են Ռուսաստանում: Ամուսինս չի ուզում թողնել ամեն ինչ և գնալ նրանց մոտ: Երբ մենք հյուրեր ենք ունենում, նրանք բոլորը ուզում են մնալ, քնել այստեղ: Մեզ մոտ գալիս են նաև վանական վրացիներ, ցանկանում են, որ վաճառենք մեր օդան, երբ մերժում ենք` նրանք նեղանում են: Չեն հասկանում, որ եթե վաճառենք` գյուղացիները մեզ կվտարեն գյուղից: Դրա համար մեզ մեծ փողեր են խոստանում, բայց մենք չենք համաձայնվում: Ավագ տղաս էլ դեմ է օդայի վաճառքին: Երբ վանականների մոտ արտասահմանից հյուրեր են գալիս, բերում են նրանց այստեղ` օդան ցույց տալու համար», – պատմում է տանտիկինը:
DSC_0509

Քրիստինե Մարաբյան