Ռուս-վրացական հարաբերությունների վերջին իրադարձություններից հետո Հայաստանը պատրաստակամություն է հայտնում դառնալ Ռուսաստանի և Վրաստանի միջև տարանցիկ օդային փոխադրումների կենտրոն:

Քաղավիացիայի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայասլյանի խոսքով, ավիաընկերությունների միջև արդեն սկսվել են քննարկումներ՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցման հնարավոր տարբերակների մասին Հայաստանի միջոցով:

«Կան ուղևորափոխադրումների տարբերակներ Վրաստանից Երևան ավտոբուսով և հակառակը, ապա Երևանից կամ Գյումրիից չվերթներ իրականացնելու հնարավորություններ: Նաև քննարկում են թռիչքների հաճախականության կրկնապատկման տարբերակները, որը «Georgian Airway» ավիաընկերությունն այժմ իրականացնում է շաբաթը 7 անգամ՝ Թբիլիսի-Երևան ուղղությամբ և, հետևաբար, տրանզիտային տարբերակ դառնալու հնարավորությունը, այսինքն` Թբիլիսի-Երևան, ապա ռուսական ավիաընկերությունների միջոցով դեպի Ռուսաստանի մյուս քաղաքներ», – նշեց Փայասլյանը:

Հուլիսի 8-ից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ռուսական ավիաընկերությունների բոլոր թռիչքները Ռուսաստանից Վրաստան դադարեցվելու են: Պուտինը նման արգելք է գործադրել Թբիլիսիում սկսված բողոքի ցույցերից անմիջապես հետո: Վրաստանի մայրաքաղաքում դժգոհության ալիք բարձրացավ,երբ Թբիլիսիում ընթացող Միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին նստեց ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը հայտնի է իր հակավրացական հայացքներով:

Հայաստանում այժմ քննարկվում է նաև երկաթուղային հաղորդակցության տարբերակը` Ռուսաստանից դեպի Գյումրի չվերթները, այնուհետև` Հարավային Կովկասի երկաթուղով` Գյումրիից Թբիլիսի փոխադրումները: Վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճագարյանի խոսքով, վրացական ավիաընկերությունները, որոնք իրականացնում են չվերթներ դեպի Ռուսաստան, արդեն պատրաստվում են Հայաստանով ավիաչվերթներ իրականացնելուն:

«Հիմնական ավիափոխադրողն այնտեղ համարվում է «Georgian Airway – Airzena» ավիաընկերությունը: Airzena-ն Հայաստանի «Արմենիա» ավիաընկերության գործընկեր և քույր ընկերությունն է: Նրա բոլոր թռիչքները իրականացվում են կամ Գյումրիով կամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի միջոցով», – ասաց Ճագարյանը:

Վարչապետի խորհրդականի հետ քննարկման ժամանակ Հայաստանում գործող «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» ընկերությունները պատրաստակամություն են հայտնել կազմակերպել Թբիլիսիի և Մոսկվայի միջև օդային հաղորդակցությունը: Արդյոք ժամանակացույցներն արդեն հաստատվել են, այս երեք ընկերությունները դեռևս հստակ պատասխան չեն տալիս այդ մասին, սակայն «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը նախկինում գրել էր Ֆեյսբուքում, որ հուլիսի 9-ին «Արմենիա»-ն Երևան-Մոսկվա-Երևան, Մոսկվա-Երևան-Թբիլիսի-Երևան-Մոսկվա երթուղիներով նախատեսվում է օրական երկու չվերթ իրականացնել: Վարչապետի խորհրդականը մտավախություն ունի, որ ռուսական հիմնական ավիափոխադրողները կարող են սկսել իրականացնել թռիչքները դեպի Թբիլիսի Ադրբեջանի միջոցով:

«Ռուսական ավիափոխադրող հիմնական ընկերությունները «Azal»-ի հետ համագործակցում են և ինտերլայն-փոխկապակցված համաձայնություններ ունեն, և ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմը այդ հնարավորություններն օգտագործում է այդ ընկերությունների թռիչքները կենտրոնացնելով Գանձակ օդանավակայանում», – ասաց Ճագարյանը:

Ի դեպ, ռուսական «Вести 24» պետական հեռուստաալիքի մեկնաբանը հաղորդել է, որ Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթը Բաքվով կլինի երկու անգամ ավելի էժան, քան Երևանից: Հայաստանում նման հաշվարկներ դեռևս չկան, սակայն, Վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Սաղարյանը, այս պնդումը համարում է ոչ այդքան մոտ իրականությանը:

Նյութը՝ bizzone.info-ից