Երեկ` հունիսի 24-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նիստի օրակարգում ընդգրկված էր Ախալքալաքի մունիցիպալիտետի 2019 թ. բյուջեում փոփոխությունների կատարումը, ինչպես նաև«Օգնության գյուղին» ծրագրի շրջանակներում կատարվելիք նախագծերի փոփոխությունները:

Ախալքալաքի մունիցիպալիտետի պատգամավորները վերանայել և հաստատել են մունիցիպալիտետի բյուջեում կատարվող փոփոխությունները:

Այսպիսով, բնական աղետների հետևանքները վերացնելու համար Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ հատկացվել է 150 000 լարի, իսկ աշակերտներին տրանսպորտով ապահովելու համար` 24 863.19 լարի:

Տենդերներից խնայողությունները կազմում են 27 210 լարի: Գումար է տնտեսվել Ախալքալաքի Թբիլիսյան փողոցում ասֆալտապատման նախագծից՝ 10 477 լարի, Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքի բակի ասֆալտապատումից (բնակարան 34 և 36)՝ 13 099 լարի, Ջիվանի մասիվի 3 նրբանցքի ասֆալտապատումից` 3352 լարի և հետիոտնային կամրջից մինչև նախկին առաջին զինվորական ավան տանող ճանապարհի ասֆալտապատումից` 282 լարի:

Խնայված գումարից հատկացվել է Երաժշտական դպրոցի նախագծի համար անհրաժեշտ գումարը, 1500 լարի կհատկացվի շտապ օգնության նոր շենքի շինարարության երկրաբանական հետազոտության համար: Ֆինանսավորումն ավելացվում է նաև Սպորտային համալիրի սուբսիդիաներին` 10 000 լարիի չափով` սպորտային մրցումներին մասնակցելու համար: Սպառած ջրի պարտքը մարելու համար Երաժշտական դպրոցը լրացուցիչ ֆինանսավորում է պահանջել՝ 5 210 լարիի չափով: Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեի հաշվեկշիռը (մնացորդային գումարը) ներկայումս կազմում է 1036 լարի: