Դեմիրճյան փողոցի բնակիչները բողոքում են փողոցի անորակ ասֆալտապատումից, ինչի արդյունքում իրենք ստիպված են լինում ամեն օր առնչվել անհարմարությունների հետ: Մինչդեռ շինարարական կազմակերպությունը` «Արալին», արդեն ավարտել է աշխատանքները և դրանք ընդունվել է Ախալքալաքի վարչության կողմից:

jnews.ge–ի խմբագրություն է մտել հերթական բողոքագիրը Դեմիրճյան փողոցի բնակիչներից: Նամակում մասնավորապես ասվում է. «Մեր այդքան խնդրանքներից հետո, որ վերացնեն ասֆալտապատման թերությունները, Վարչության աշխատակիցների խոստումներից հետո էլ, ոչ մի բան չի ուղղվել, բացի մեր տան դիմացի մայթեզրի քարից: Քարը բարձրացրին, մեր տան դիմացի փոսը ինչպես որ կար, այդպես էլ մնաց: Ցանկացած անձրևից, հարևանների գորգերի լվացումից, երկու փողոց այն կողմ մեքենաների լվացումից հետո` ջուրը «պարտաճանաչ» հավաքվում է ասֆալտի անհավասար մասերում` մեր տան առաջ ու ստեղծում է անհարմարություններ մեզ համար», – նշում են Դեմիրճյան փողոցի բնակիչները:

Այս հարցով մենք դիմեցինք Ախալքալաքի շրջանի վարչություն:

Ենթակառուցվածքների բաժնի ղեկավար Ավետ Նահատակյանի խոսքերով, գրավոր բողոք այդ փողոցի վերաբերյալ Ախալքալաքի շրջանի վարչություն չի մտել, իսկ բանավոր խնդրանքները բավարարվել են:

«Գրավոր բողոք մեզ մոտ` Վարչություն չի մտել, բայց մենք գնացինք զիջումների և կատարեցինք բնակիչների բոլոր առաջարկությունները: Աշխատանքային պրոցեսի ժամանակ նրանց ունեցած դիտողությունները` աշխատանքների ավարտից հետո կատարվեցին իրենց ցանկությամբ: Լինի դա Երևանյան, Դեմիրճյան փողոցները, թե Նրբանցքը, կատարվեցին ելնելով բնակչության «քմահաճույքից»: «Արալի» ընկերության աշխատանքները ընդունվել են: Մենք ունենք եզրակացություն ասֆալտապատման հետ կապված», – ասում է Ավետ Նահատակյանը:

Դեմիրճյան փողոցի բնակիչները մեծապես չէին էլ ակնկալում, որ իրենց այս բողոքի արդյունքում իրավիճակը կփոխվի, դրանով իրենք ցանկանում են արտահայտել իրենց դժգոհությունը:

«Ընդհանրապես, ամբողջ փողոցով այդ «տաղանդավոր» աշխատանքի (շինարարական ընկերության) հեղինակներին արտահայտում ենք մեր մեծ մարդկային «Շնորհակալությունը», իհարկե չակերտավոր», – այսպես է ավարտվում խմբագրություն ուղղված նամակը: