Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների բազմաթիվ գյուղերում հնարավոր կլինի օգտվել պետական ոռոգման համակարգից, վճարելով մեկ սեզոնի համար 75 լարի: Սկսվել է հին ուղիների աստիճանական վերականգնման գործընթացը:
Ամբողջ Վրաստանի տարածքում նախորդ տարվանից սկսվել է պետական ոռոգման համակարգերի վերականգնումը, որոնք գործում էին խորհրդային տարիներին և քանդվել են 90-ական թվականներին: Վերականգնման գործընթացը սկսվել է նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում: 2013 թվականին է ստեղծվել ՍՊԸ «Վրաստանի մելիորացման համակարգերի միությունը»: Կազմակերպությունը ունի սերվիս կենտրոններ Վրաստանի ամբողջ տարածքում: Սամցխե-Ջավախքի սերվիս կենտրոնը բացվել է Ախալքալաքում: Այն սպասարկում է 5 շրջանների՝ Ախալցիխեի, Ասպինձայի, Ադիգենի, Ախալքալաքի ու Նինոծմինդայի:
Ախալքալաքի շրջանում այս տարի կգործեն ոռոգման համակարգի երկու գծեր, ևս երկու գծեր վերականգնման ընթացքի մեջ են: Նինոծմինդայի շրջանում գործում է մեկ գիծ և երկրորդը վերականգնվում է:
Ախալքալաքի շրջանում Ալմալի-Մուրջախեթ ոռոգման գծի վերանորոգման աշխատանքները շուտով կավարտվեն: Աշխատանքները սկսվել են անցյալ տարվա աշնանը և այս տարվա նույն ժամանակահատվածում կավարտվեն: Նշված գիծը սպասարկում է հետևյալ գյուղերին` Խոսպիո, Չամդուրա, Մուրջախեթ, Վաչիան, Դիլիսկա, ինչպես նաև Կուլիկամի ու Խուլգումոյի այն բնակիչներին, ովքեր այդ տարածքներում ունեն հողեր:
Այս տարի կավարտվեն նաև լոմատուրցխյան գծի վերականգնողական աշխատանքները: Այս գիծը կսպասարկի Լոմատուրցխ, Կոճիո, Ղադո և Տուրցխ գյուղերին:
Սամցխե-Ջավախքի սերվիս կենտրոնի ղեկավար Վլադիմիր Խմալաձեի խոսքերով, այս գծերի վրա մնացել քիչ աշխատանք:
«Ալմալի-Մուրջախեթ գծի վրա վերականգնվել է պոմպային համակարգը և շինությունը: Ընթանում են ուղիների վերականգնման աշխատանքները, որպեսզի չվնասվեն կարտոֆիլի արտերը` այս պահին աշխատանքները դադարեցվել են: Ցեմենտը կարող է նստել կարտոֆիլի տերևների վրա և վնասել բերքը, իսկ Լոմատուրցխի գծի վրա արդեն աշխատանքները ավարտվել են ու գյուղացիները կարող են օգոստոսի 25-ից օգտվել համակարգից», – ասում է Վլադիմիր Խմալաձեն:
Վերականգնվում է նաև Կիրովականի գծի համակարգը: Այս համակարգի վերականգման աշխատանքները սկսվել են այս տարի: Բնակիչները այս համակարգից կկարողանան օգտվել միայն հաջորդ տարի: Ոռոգման համակարգի այս գծից կարող են օգտվել Կիրովական, Վաչիան, Գումբուրդո ու Դիլիսկա գյուղերի բնակիչները:
Վերականգնվում է նաև Զակ գյուղի ոռոգման համակարգը: Այժմ այնտեղ ընթանում են աշխատանքներ, որոնք կավարտվեն հաջորդ տարի: Նշված համակարգը կծառայի Զակ, Կոթելիա, Արագվա, Խանդո և Օրջա գյուղերի բնակիչներին:
Նինոծմինդայի շրջանում արդեն վերականգնվել է մի մեծ ոռոգման համակարգ` Օռլովկա-Սպասովկա, որը սպասարկում է Սպասովկա, Օռլովկա, Օրոջալար, Սաթխա, Կաթնատու, Մեծ Խանչալի գյուղերը ու Նինոծմինդա քաղաքը: Այժմ ընթանում են Մամզարա գծի վերականգնողական աշխատանքները:
Սամցխե-Ջավախքի սերվիս կենտրոնի ծառայությունը մեկ սեզոնի համար արժի 75 լարի:
Սերվիս կենտրոնի ղեկավար Վլադիմիր Խմալաձեն վստահ է, որ ոռոգման լրիվ համակարգերի վերականգնումից հետո, բոլոր գյուղացիները անհատական ոռոգման համակարգերից կանցնեն իրենց մոտ:
«Որովհետև մեզ մոտ էժան է և որակով: Վճարիր մեկ սեզոնի համար 75 լարի և օգտվիր` ինչքան անհրաժեշտ է: Անհատական համակարգերը թանկ արժեն», – ասում է նա:
Շուշան Շիրինյան