Վրաստանի Առողջապահության նախարարի տեղակալ Զազա Սոփրոմաձեի հայտարարությամբ, օգոստոսի 20-ից վերսկսվել է օգնության տրամադրումը այն միայնակ թոշակառուներին, ովքեր նպաստ չէին ստացել որոշակի ժամանակահատվածում:

«Վերջին ժամանակներս մարդկանց ճակատագրերի հետ կապված մեքենայությունները (մանիպուլացիա) և սոցիալապես անպաշտպան ընտանիքների օգտագործումը քաղաքական նպատակներով` մեր ընդդիմադիրների կողմից ստացել է նպատակաուղղված արշավի տեսք», – հայտարարեց Զազա Սոփրոմաձեն:

Նա հայտարարեց նաև, որ Սոցիալական սպասարկման գործակալություն դիմել է 1 միլիոն 600 հազար մարդ:
«Հասկանալի է, որ պետությունը չի կարող սոցիալապես օգնել բոլորին, դրա համար կան փոխհատուցման այլ միջոցներ», – ասաց Զազա Սոփրոմաձեն:

Պետք է նշել, որ 2-3 ամիս առաջ, առանց նախազգուշացման դադարեցվեց որոշ մարդկանց սոցիալական նպաստի տրամադրումը, ինչը առաջացրեց դժգոհություն և անհանգստություն այդ մարդկանց մոտ: Ինչպես մեզ այն ժամանակ հաղորդեցին Ախալքալաքի Սոցիալական ծառայութունում` նպաստների տրամադրումը դադարեցվել է, քանզի ընթանում է ստուգում:

Էդիտա Բադասյան