Ֆրանչեսկո Մորատելլին ծնվել է Իտալիայի Ֆեռառա քաղաքում, տիրապետում է 8 լեզուների, այդ թվում՝ հայերենին: Այժմ նա ապրում է Վրաստանում, բայց այստեղ է եկել Հայաստանին մոտ լինելու նպատակով:

«Ես շատ եմ սիրում լեզուներ և Իտալիայում սովորում էի դասական բանասիրություն։ Այդ ընթացքում սկսեցի ուսումնասիրել բոլոր ընտրովի դասընթացները, որոնց թվին էր պատկանում նաև Գրաբարը։ Սովորելով հին հայերեն խորացա այս լեզվի և հայ մշակույթի մեջ: Որոշեցի իմ դիպլոմայինը գրել Սրբոց վանքի մասին»,- պատմում է նա։

Ֆրանչեսկոն պատմում է, որ Սրբոց վանքի մասին արած իր ուսումնասիրությունները բերել են այն բանին, որ նա սկսել է ավելի ու ավելի հետաքրքրվել Հայաստանով և հարմար առիթը բաց չի թողնում այցելելու Հայաստան։

«Ես սիրում եմ հունարենը շա՜տ-շա՜տ, – ոգևորված պատմում է նա, – և երբ բացահայտեցի Հայաստանի մասին, սկսեցի սիրել Հայաստանը շա՜տ-շա՜տ»։

1

Իտալացի հայագետը Հայաստանում է հայտնվել մի ծրագրի շնորհիվ, և երեք ամիս ապրելով Գյումրի քաղաքում, նա բոլոր ցանկացողների համար անվճար իտալերենի դասընթացներ է վարել: Ֆրանչեսկոյին հեշտ չի եղել գրաբար հայերենի իմացությամբ ապրել Գյումրիում, բայց նա կարողացել է հաղթահարել լեզվական դժվարությունները:

Գյումրիում ծրագիրն ավարտելուց հետո, Ֆրանչեսկոն «ստիպված» վերադարձել է Իտալիա մագիստրոսի կոչում ստանալու համար: Այնուհետև վերջինս հնարավորություն է ստացել մագիստրատուրայի վերջին կուրսը Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում սովորելու: Արդեն 9 ամիս է, ինչ նա ապրում է Թբիլիսիում, իր լեզուների իմացության շարքին ավելացնելով նաև վրացերենը։

«Հայաստանում ապրած ժամանակ Վրաստան էի այցելել որպես զբոսաշրջիկ, տեսել էի Մցխեթան ու Թբիլիսին, որոնք ինձ շատ էին դուր եկել։ Քանի որ ես հնարավորություն չունեցա գնալ Հայաստան փոխանակման ծրագրով և հնարավորություն ունեի գալ Վրաստան, որոշեցի գամ։ Միևնույն է այն շատ մոտ է Հայաստանին և քանի որ երկու պետություններն էլ ինձ շատ են դուր գալիս, որոշեցի հայ վրացական հարաբերությունների մասին գրել»,- կիսվում է Իտալիայից եկած երիտասարդը։

Ֆրանչեսկոն հիմա աշխատում է իր թեզի վրա, որը վերլուծություն է վրաց-հայկական հասարակության փորձի մասին: Նա ցանկանում է Ջավախք այցելել, այն բանից հետո, երբ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարեց, որ հայերը պետք է սովորեն վրացերեն:

«Կփորձեմ ներկայացնել ինչպիսին է իրավիճակը հիմա, թե ի՞նչ կարելի էր անել ինտեգրման համար, և հայ հասարակության անցած ճանապարհը Վրաստանում խորհրդային միության փլուզումից հետո, թե ինչի միջով են անցել և ինչպես են ապրել: Անցումը խորհրդային Վրաստանից անկախ Վրաստանի, ի՞նչպես է ազդել փոքրամասնությունների վրա», – պարզաբանում է Ֆրանչեսկոն։

«Ես իհարկե կարոտում եմ Իտալիան, բայց անշուշտ չեմ ուզենա այնտեղ ապրել։ Լինելով երիտասարդ, ես նախընտրեցի արտասահման գնալ։ Էներգիա ունեմ, հետաքրքրված եմ բացահայտելու ուրիշ երկրներ և մշակույթներ, ես դեռ փնտրում եմ իմ տեղը այս աշխարհում, և կարծում եմ այն երկրներում ուր ես ապրել եմ՝ ամենալավը Հունաստանն էր, հետո՝ Հայաստանը»։

Վրաստանում ապրելով հանդերձ, մեր հերոսը երբեք չի դադարեցնում շփումը հայերի հետ:

Ռիմա Մառանգոզյան