Ախալքալաքից երկու բռնցքամարտիկ՝ Օթար Երանոսյանն ու Արտյուշ Գոմցյանը, Վրաստանի ազգային հավաքականի կազմում կմեկնեն Մինսկ, Եվրոպական մարզական 2-րդ խաղերին մասնակցելու: Մեր բռնցքամարտիկների մենամարտերը նշանակված է հունիսի 22-ին:

Վրաստանի հավաքականը Մինսկի մրցումներին կմասնակցի 10 մարզիկով, որոնցից 2-ն Ախալքալաքի մարզահամալիրի սաներն են: Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է Բեժան Ճիճինավան:

25-ամյա Օթար Երանոսյանը հանդես կգա 60 կգ քաշային կարգում, նա 2017 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է: Իսկ 21-ամյա Արտյուշ Գոմցյանը մեծահասակների 2017 թ. և 2018 թ. Վրաստանի չեմպիոնն է, Եվրոպական միության 2018 թ. առաջնության բրոնզե մեդալակիր՝ 56 կգ քաշային կարգում:

Մինսկ մեկնելուց առաջ, Վրաստանի հավաքականին հաջողություն է մաղթել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Բռնցքամարտի մրցաշարի օրացույցի համաձայն՝ 56 կգ քաշային կարգում Արտյուշ Գոմցյանի առաջին մենամարտը 1/8-րդ փուլում նշանակված է հունիսի 22-ին: Իսկ 60 կգ քաշային Օթար Երանոսյանը` նույն օրը ժամը 18:30-ին:

Հունիսի 21-30–ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանալիք խաղերի ծրագրով տեղի են ունենալու բռնցքամարտի մրցումներ, որտեղ 316 մասնակիցները մեդալներ կխաղարկեն տղամարդկանց` 10, կանանց `5 քաշային կարգերում:

Արտյուշ Գոմցյանի հաղթանակը Եվրամիության առաջնությունում

Երանոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր