Արդեն պատրաստ է «կենսաթոշակների արտահանման» մասին համաձայնագիրը, որը կվերաբերի Ռուսաստանի հովանու ներքո գործող հետխորհրդային միության՝ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների բնակիչներին:

Ռուսաստանը կենսաթոշակ կտրամադրի և կվճարի իր հովանու ներքո գործող Եվրասիական տնտեսական միության երկրներց եկած աշխատանքային միգրանտներին։ Միության անդամները՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը, հայտարարել են ամենակարճ ժամկետներում կենսաթոշակային ապահովման մասին համապատասխան համաձայնագիր ստորագրելու մտադրության մասին։

Այդ փաստաթղթի համաձայն՝ միգրանտները կենսաթոշակ են ստանալու այն երկրից, որտեղ աշխատել են և կենսաթոշակային պահումներ են վճարել։ Այժմ աշխատանքային միգրանտների աշխատավարձերից պահումները գնում են Ռուսաստանի կենսաթոշակային ֆոնդ, սակայն կենսաթոշակ նրանք չեն ստանում։

Ինչպե՞ս են վճարվելու կենսաթոշակները

Հետխորհրդային տնտեսական միության անդամ երկրների աշխատանքային միգրանտները կարող են իրենց հասանելիք գումարները ստանալ «կենսաթոշակի արտահանում» անվանումը ստացած մեխանիզմով։ Այսինքն կենսաթոշակը «հետևելու է» թոշակառուին․ եթե թոշակառուն տեղափոխվի ԵԱՏՄ այլ երկիր, դրանցից մեկի կողմից նշանակված կենսաթոշակը «գնալու է նրա հետևից»։

Ըստ նոր համաձայնագրի՝ ԵԱՏՄ տարբեր երկրներում աշխատանքային ստաժը գումարվելու է, կենսաթոշակը նշանակվելու է այն երկրում, որտեղ քաղաքացին կենսաթոշակային տարիքի է հասել։

Օրինակ, եթե Հայաստանից մեկնած միգրանտը կենսաթոշակային տարիքի հասնելու պահին ծերության թոշակի իրավունք է ստացել Ռուսաստանում, ապա անգամ եթե նա Հայաստան վերադառնա, կենսաթոշակը նրան շարունակելու է վճարել Ռուսաստանը։

Սակայն համաձայնագիրը չի գործելու հետին թվով։ Ծերության թոշակի առաջին տրամադրումը քաղաքացուն, որը ԵԱՏՄ մի երկրից մյուսն է տեղափոխվել, հնարավոր կլինի 2020թ.-ից ոչ շուտ։ Ընդ որում, ռուսաստանյան ստաժի տևողությունը, որի համար կենսաթոշակի արտահանում կկատարվի, ոչ ավելին է լինելու, քան մեկ տարի 2020թ.-ին, երկու տարի 2021թ.-ին և այլն։

Ներկայիս իրավիճակը

Այսօրվա դրությամբ իրավիճակը հետևյալն է․ երկիրը, որտեղ մշտապես մարդն ապրում է, կենսաթոշակ է նշանակում և վճարում՝ անկախ նրա քաղաքացիությունից։

Ընդ որում, ԵԱՏՄ անդամ երկրներում աշխատավարձերից կենսաթոշակային պահումների չափը տարբեր է։ Օրինակ, Բելառուսում՝ 29% է, Ռուսաստանում՝ 22%, Ղազախստանում և Հայաստնում՝ 10%, իսկ Ղրղզստանում ամրագրված չափ չկա։

Ռուսաստանի լրացուցիչ ծախսերը

Ռուսաստանի կենսաթոշակային ֆոնդի լրացուցիչ ծախսերը 2020-2021թթ.-ին կկազմեն 166 մլն ռուբլի, այսինքն՝ մոտ 2.5 մլն դոլար։

Այդ գումարը կկազմվի Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիներին հասանելիք կենսաթոշակներից, այդ թվում՝ դեռևս Ռուսաստանի տարածքում բնակվողների։ Այդ գումարի մեջ են մտնում նաև այն կենսաթոշակները, որոնք վճարվելու են թոշակի նշանակումից հետո ԵԱՏՄ այլ երկրներ տեղափոխված Ռուսաստանի քաղաքացիներին։

Ժամանակի ընթացքում այդ գումարը կաճի, քանի որ կենսաթոշակային ֆոնդում կկուտակվեն համաձայնգրի ստորգրումից հետո միգրանտների աշխատավարձերից փոխանցված գումարները։

Էլի թվեր

Եվրասիական տնտեսական հանձնաժղովի հաշվետվության համաձայն՝ միության երկրներից հենց Ռուսաստանն է բոլորից շատ աշխատանքային միգրանտներ ընդունում։ Այստեղ աշխատավարձերի մակարդակն էլ է ավելի բարձր։ Հանձնաժողովի «Սոցիալ-ժողովրդագրական ինդիկատորներ» զեկույցի համաձայն՝ միջին աշխատավարձն ԵԱՏՄ երկրներում կազմում է․

Ռուսաստանում՝ $695, Ղազախստանում՝ $471, Բելառուսում՝ $470, Հայաստանում՝ $358, Ղրղզստանում՝ $236։

Հոդվածն արտատպված է JAMnews կայքից