Հունիսի 10֊ին, Սամարայում Կրասնայա Գլինկա լողափի մոտ, Վոլգա գետում երիտասարդ է խեղդվել: Տիգրան Իսոյանը, ով ծնունդով Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղից է, ընդամենը 17 տարեկան էր։

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն, Տիգրանը լողափում եղել է համադասարանցիների հետ միասին։ Դեռահասները խաղացել են ջրում և անցել լողափի սահմանագիծը, որտեղ սկսվում է կտրուկ խորություն։ Նրանցից երեքը սկսել են խորտակվել։ Երկուսին հաջողվել է փրկել, իսկ Տիգրանին՝ ոչ։

«Ես սուզվում էի երեք տղաների հետ, փորձում էի դուրս բերել։ Լսեցի բղավոցներ, սկզբում որոշեցի, որ ինչ֊որ մեկը խաղ է անում։ Երբ սուզվեցի, նույնիսկ մինչև հատակ չհասա, ջուրը սառն էր և պղտոր, կարող էին մկանային կծկումներ առաջանալ։ Սուզվեցի 6-7 անգամ, սկսեց ձեռքերս տանել։ Վայրը բնավ լողանալու համար չէ, պետք է կարողանաս համարձակ լողալ, որպեսզի այնտեղ մտնես»,- պատմում է Սեմյոն Միտրոֆանովը։

Հաղորդվում է, որ Տիգրանի մայրը հոսպիտալացվել է նյարդային խանգարմամբ։ Ականատեսները զարմացած էին, որ փրկարարները եկել էին ոչ միանգամից։ Տղային շատ արագ «քաշել» էր այդ փոսը։

«Տղային հանել են մեր լողորդները։ Մեր փրկարարները հերթապահում են լողաններից այն կողմ՝ Կրասնոգլինսկա լողափում, դա շատ հեռու է։ Այդ իսկ պատճառով նկատել, որ ափին որևէ բան է կատարվում, ժամանակ է հարկավոր։ Քանի որ այդ ԱԻ-ը տեղի է ունեցել ոչ թե լողափում, այլ դրա տարածքից դուրս, այնտեղ մեծ փոսորակ կա, և լողանալն այնտեղ արգելված է»,- հաղորդել է Սամարայի շրջանի ՓԾ պետի տեղակալ Տաիր Գիմատովը։

Խեղդված Տիգրանի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Երիտասարդ տղան հետաքրքրված էր կվադրոցիկլերով, զբաղվում էր սպորտով։ Տիգրանը լողալ գիտեր, ուղղակի այդ վայրում հոսքը շատ ուժեղ է եղել։ Օգոստոսին դպրոցականը կդառնար 18 տարեկան։