Վրաստանի ձեռքբերումներից շատերը ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմավարական գործընկերության հաջողության ուղղակի արդյունք են: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո:

Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել Մայք Պոմպեոյին` Վրաստանին աջակցելու համար:

«Պարոն քարտուղար, երախտապարտ եմ ջերմ ընդունելության և Վրաստանին շարունակական աջակցության համար: Ուրախալի է վերադառնալ Վաշինգտոն, հատկապես` նշելու ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը:

2008 թվականին Ռուսաստանը ներխուժեց և բռնազավթեց Վրաստանի տարածքները՝ Աբխազիան և Ցխինվալին: Այդ ճգնաժամից հետո Վրաստանը և Միացյալ Նահանգները ստեղծեցին Վրաստանի վերականգնման համար հարթակ` հաստատությունների, ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման, մեր ժողովուրդների միջև շփումների ռազմական համագործակցության ընդլայնման համար:

Վրաստանի ձեռքբերումներից շատերը ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաջողության ուղղակի արդյունք են: Վերջին տասը տարիների ընթացքում մենք զարգացրել ենք դինամիկ, համապարփակ համագործակցություն Միացյալ Նահանգների հետ, և Նախագահ Թրամփի իշխանության ընթացքում մեր հարաբերությունները հասել են ամենաբարձր նշաձողին», – հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Զրույցի ընթացքում Վրաստանի վարչապետը կարևորել է Վրաստանի և ԱՄՆ-ի մի շարք համատեղ նվաճումներ:

«Առաջին հերթին, ԱՄՆ-ի և Վրաստանի միջև անվտանգության համակարգումը երբեք այսքան ամուր չի եղել: Վրաստանը գլոբալ ասպարեզում ԱՄՆ-ի հավատարիմ գործընկերն է: Մեր բարեկամությունը փորձված է ժամանակով, և մեր կապերը ամրապնդվել են պայքարում: Մենք կողք-կողքի կանգնած ենք ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ Աֆղանստանում, որտեղ Վրաստանը հանդիսանում է ՆԱՏՕ-ի «Հաստատակամ աջակցություն» առաքելության խոշորագույն աջակիցը:

Մենք պատրաստ ենք շարունակել զգալի ներդրումը եվրաատլանտյան ընդհանուր անվտանգության հարցում: ՆԱՏՕ-ի կողմից ՀՆԱ-ի երկու տոկոսանոց պաշտպանական ծախսերի հետ համատեղելիության աճով Վրաստանն ունի բոլոր պրակտիկ գործիքները` պատրաստվելու Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար», – հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Նա նաև նշել է, որ Վրաստանը երախտապարտ է Միացյալ Նահանգներին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին աջակցության համար:

«Մեր պաշտպանական համագործակցությունը Վրաստանին օգնել է մոդերնիզացնել և ստեղծել զսպվածության հնարավորություններ: Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների աջակցությունը Վրաստանի Պաշտպանության պատրաստակամության ծրագրի և ԱՄՆ-ի և Վրաստանի միջև այլ երկկողմ ակտերի առումով, որոնք կարևոր են Վրաստանի տարածքային պաշտպանության և դիմակայելու հնարավորությունների ամրապնդման համար: Մենք շատ ենք գնահատում ԱՄՆ-ի հաստատակամ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության առնչությամբ: Ի պատասխան օկուպացիայի և Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում տիրող ծանր մարդասիրական և անվտանգության իրավիճակի, մենք հավատարիմ ենք մնում հակամարտության խաղաղ ձևով կարգավորմանը»:

Համապարփակ խաղաղ քաղաքականության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հաստատակամ աջակցությամբ Վրաստանը իրականացնում է խաղաղ նախաձեռնություններ, ինչպիսիք են՝ «Լավագույն ապագային ընդառաջ», որը նախատեսում է հաշտեցում և մասնակցություն օկուպացված շրջանների բնակիչների և Վրաստանի քաղաքացիների միջև: Վրաստանը միաձայն հաստատել է ուժի չկիրառման իր աջակցությունը: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել 2008 թվականի օգոստոսյան հրադադարի պայմանագրով ստանձնած պարտավորությունները», – ասել է Մամուկա Բախտաձեն: