Վրաստանում գյուղատնտեսական հողերի գրանցման բարեփոխումը կերկարաձգվի մինչև 2020 թվականի հունվարի մեկը։ «Պետական ծրագրի շրջանակներում հողամասերի իրավունքների համակարգային և հատուկենտ գրանցման հատուկ կանոնի և կադաստրային տվյալների կատարելագործման մասին» Վրաստանի օրենքում փոփոխություն է պատրաստված:

Փոփոխությունների նախաձեռնողը խորհրդարանի գյուղատնտեսական կոմիտեի նախագահ Օթար Դանելիան է։

Օրինագծի համաձայն՝ բարեփոխման սկզբից մինչև 2019 թվականի մայիսի դրությամբ 661 100-ից ավել հողատարածք է գրանցվել։ Հողի սեփականացման իրավունքի գրանցման պահանջով գործակալությանը ներկայացվում է օրական 1500-2000 դիմում։ Որոշ օրերում էլ դիմումների քանակը գերազանցում է 5000-ը։

Միևնույն ժամանակ, օրինագծում նշված է, որ 2019 թվականի մայիսի դրությամբ գործակալությունում 86 400-ից ավելի դիմում գրանցման գործընթացի մեջ է գտնվում։ Այստեղից ելնելով, օրինագծի նախաձեռնողի կարծիքով, օրենքի գործման ժամկետի երկարացումը կարևոր է, ինչպես ընթացիկ գրանցման գործընթացներն ավարտելու, այնպես էլ դիմողների բարձր թվի պատճառով։

Նշված բարեփոխումն ուժի մեջ է մտել 2016 թվականի հուլիսի 31-ին և նրա ավարտման ժամկետը մի քանի անգամ երկարացվել է։ Այսօր, փոփոխությունների հաջորդ փուլը կքննարկվի գյուղատնտեսական կոմիտեում և օրինագիծը խորհրդարանը կհաստատի, հավանաբար մինչև ամսվա վերջ։