ՆԳՆ-ի հաղորդմամբ, երեկ, հունիսի 6-ին, Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ձերբակալվել էին Մ.Խ.-ն ու Ս. Խ.-ը, որոնք ազատ էին արձակվել քաղաքը չլքելու ստորագրությամբ: Ըստ տեսանյութի, պարեկային ոստիկանության աշխատակիցները ձերբակալում են Մեխակ Խաչատրյանին և Սլավա Խաչատրյանին, նայց նրանք չեն ձերբակալվել և հարցաքննվել:

Միջադեպի ժամանակ Մեխակ Խաչատրյանը տեղափոխվել էր Ախալքալաքի հիվանդանոց, որտեղից նա դուրս էր գրվել հունիսի 6-ի երեկոյան՝ իր ստորագրության համաձայն, որ նա սեփական կամքով լքում է բուժհաստատությունը, որովհետև ցանկանում էին հիվանդին առնվազն մինչեւ հունիսի 7-ի առավոտը պահել հիվանդանոցում: Հիվանդանոցից դուրս գալուց հետո Մեխակ Խաչատրյանը տուն է վերադարձել, նա չի ուզում մեկնաբանել երեկվա իրադարձությունները լրատվամիջոցների համար, թույլ չի տալիս լուսանկարել ձեռնաշղթաներից այտուցված ձախ ձեռքը: Մեխակ Խաչատրյանը դեռ չի պատրաստվում որեւէ քայլ ձեռնարկել և այս մասին որևէ բան ասել:

Սլավա Խաչատրյանը, ում տեսանյութում մեքենայից դուրս են բերում, նույնպես չի ուզում որեւէ բան ասել երեկվա միջադեպի մասին: Հարազատների խոսքով, երեկ Սլավան նույնպես տանն է գտնվել, եւ նրան չեն տեղափոխել ոստիկանական բաժանմունք:

Ախալքալաքի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի ականատեսներն ասում են, որ չեն տեսել, որ որեւէ մեկին ձերբակալեն և տեղափոխեն ոստիկանություն:

Սակայն, ՆԳՆ-ից հայտնում են, որ 2-ին ձերբակալել և ազատ են արձակել ստորագրությամբ, և որ դատարանը կորոշի, ինչպես վարվել իրավախախտների հետ:

Երեկ, հունիսի 6-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Ախալքալաքի կենտրոնում պարեկային ոստիկանության աշխատակիցները երթեւեկության կանոնները խախտելու համար փորձել են վարորդին տուգանել, սակայն անցորդներն սկսել են հետաքրքվել՝ թե ինչ է կատարվում: Արդյունքում պարեկային ոստիկաններն ուժ կիրառելով փորձել են բերման ենթարկել 2 քաղաքացու՝ Մեխակ և Սլավա Խաչատրյաններին, նրանք դիմակայել են, իսկ ականատեսները փորձել են խոչընդոտել ձերբակալությանը, ինչի հետեւանքով ոստիկանները հարվածել են շրջապատի մարդկանց: