Այսօր, Թբիլիսիում կայացել է Վրաստանում ՀՀ դեսպանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի հանդիպումը: Ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ջավախահայությանն առնչվող խնդիրներին:

Հունիսի 7-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։

«Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները և կարևորել դրա անցկացումը երկկողմ տնտեսական հարաբերությունների համատեքստում։

Կողմերը հատուկ կարևորել են միջազգային հարթակներում համագործակցությունը։

Դեսպան Սադոյանը և փոխնախարար Դարսալիան արժևորել են Վրաստանի հայ համայնքի նշանակալի դերը երկու բարեկամ երկրների հարաբերություններում: Այս համատեքստում Ռուբեն Սադոյանն անդրադարձ է կատարել ջավախահայությանն առնչվող հարցերին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ»,- այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: