Ինչպես տեղեկացնում են Վրաստանի ՆԳՆ-ից Աշոտ Մելքոնյանին Վրաստան չեն թողել, նրա համար, որ «Նա չի տվել կամ սխալ տեղեկություն է տվել իր անձի և ճամփորդության պատճառների մասին»: Սակայն մեր ունեցած տեղեկության համաձայն, նրան մուտքի արգելքի ուրիշ պատճառ է ներկայացվել:

«Հայաստանի քաղաքացուն, ով Թուրքիայից Վրաստան է մտել Կարծախի մաքսային անցակետով, մերժել են մնալ Վրաստանում` «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի 11-րդ հոդվածի «թ» ենթակետով: Սակայն տվյալ քաղաքացին տրանզիտով հատել է Վրաստանի սահմանը և նույն օրը վերադարձել է Հայաստան», – գրում է Ներքին գործերի նախարարությունը:

11-րդ հոդվածի «թ» ենթակետը ենթադրում է՝ «Թաքցնել կամ սխալ տեղեկություն ներկայացնել իր անձի և ճամփորդության նպատակների մասին»:

Սակայն մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ մուտքի արգելքի պատճառն այլ է:

Աշոտ Մելքոնյանը ծնունդով Ախալքալաքից է, և հանդիսանում է Հայաստանի Պատմության ազգային ինստիտուտի տնօրենը: Նա Ախալքալաքում հազվադեպ է լինում՝ պաշտոնական հանդիպումների, կոնֆերանսների և ընտանեկան ինչ-որ արարողությունների ժամանակ: Սակայն վերջին շրջանում եղբոր հիվանդության և մահվան պատճառով Աշոտ Մելքոնյանն Ախալքալաքում էր լինում գրեթե ամեն շաբաթ: