Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարություն է տարածել հունիսի 6-ին Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որում իրավապահ մարմիններին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, ուժ չկիրառել և խուսափել լարվածությունից:

Խորհրդի տարածած հայտարարությունում նշվում է, որ Ախալքալաքում միջադեպը, որը տեղի է ունեցել ոստիկանների և բնակիչների միջև առաջին դեպքը չէ Ջավախքում։
«Ականատեսների վկայությունները, առկա տեսանյութերը խոսում են այն մասին, որ դիմադրություն ցույց չտվող և անզեն բնակչի նկատմամբ զինված և մեծաթիվ ոստիկանները կիրառել են բռնություն։ Վերջիններս, բոլորովին հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դեպքի վայրում եղել են տուժողի ընտանիքի անդամները, կանայք և երեխաները, Ախալքալաքի բնակիչ Մեխակ Խաչատրյանին գետնին են տապալել և ստորացուցիչ մեթոդներով ծեծի ենթարկել։

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը փաստում է, որ այս երևույթը լրացուցիչ լարվածություն է ծնում առանց այն էլ բազմաթիվ խնդիրների առաջ կանգնած ջավախահայության շրջանում։

Չհաստատելով, որ այս երևույթն ունի ուղղորդված բնույթ, այդուհանդերձ, Խորհուրդը փաստում է, որ նման դեպքերը հաճախակի են դառնում հենց Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում։

Ելնելով վերոնշյալից՝ հայկական կազմակերպությունների խորհուրդը կոչ է անում Վրաստանի իշխանություններին և երկրի իրավապահ մարմիններին՝ ցուցաբերել առանձնակի զսպվածություն, հասարակ ազգաբնակչության հանդեպ բացառել անհամաչափ ուժի և այլ ստորացուցիչ մեթոդների կիրարկման այսպիսի դեպքերը, որոնք կարող են շեշտակի մեծացնել լարվածությունը հայաբնակ տարածաշրջանում, հասարակության շրջանում խորացնել անվստահությունը երկրի իշխանությունների և իրավապահ մարմինների հանդեպ, ինչպես նաև սպառնալ երկրի կայունությանը»:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 17:00 շրջանում կադրեր տարածվեց, որտեղ երևում է, թե ինչպես են շրջիկ ոստիկանության աշխատակիցները ծեծում բնակիչների: Սկզբից շրջիկ ոստիկանության աշխատակիցները ուժով դուրս են հանում Mercedes-ի վարորդին և սկսում ծեծել: Ծեծվածի հորեղբայրը միջամտում է, ինչի համար փորձում են ձերբակալել: Նա հիպերտոնիա ունի, և մշտապես բարձրանում է ճնշումը: Սկզբից նրան փորձել են ձերբակալել և ձեռնաշղթաներ անցկացնել, սակայն հետո նրան հիվանդանոց են տեղափոխել: