Կենսաթոշակառու ուսուցիչները, որոնք մինչև տարվա վերջ չեն կարողանա նվազագույն իրավասություն հաստատել` կամ իրենց մասնագիտական գործնեությունը կշարունակեն միայն դպրոցի կարիքներից ելնելով, կամ պետության կողմից մրցանակ կստանան երկու տարվա աշխատավարձի չափով: Այս փուլում Ախալքալաքում մոտավոր 162 կենսաթոշակառու մանկավարժ ցանկություն է հայտնել գործնեությունը դադարեցնելու մասին, սակայն այս թիվը վերջնական չէ, որովհետև գրանցման գործընթացը շարունակվում է:
Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցներում ուսուցման որակի բարելավման նպատակով, բարեփոխումներ է իրականացնում: Կրթական բարեփոխումների շրջանակներում 2019 թվականի սեպտեմբերից՝ ավագ, առաջատար և մենտորի կարգավիճակ ունեցող մանկավարժների աշխատավարձն ավելանալու է 150 լարիով: Աշխատավարձի բարձրացումը կլինի ամենամյա և 2022 թվականին ուսուցչի միջին աշխատավարձը կհավասարվի 1500 և ավելի լարիի։
Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնից հայտնում են, որ մունիցիպալիտետի դպրոցներում դասավանդում է 1437 մանկավարժ, որից 260-ը կենաթոշակառու են:
Կուլիկամ գյուղի հանրային դպրոցն այսօրվա դրությամբ 10 թոշակառու մանկավարժ ունի, նրանցից 8 դիմել են, որպեսզի ստանան Նախարարության մրցանակը գումարի տեսքով և դադարեցնեն մանկավարժական գործնեությունը: Հիմնականում բնագիտական առարկանների մասնագետներ են՝ մաթեմատիկա, կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա և այլն:
Անժիկ Այվազյանցը ավելի քան 45 տարի է մաթեմատիկա է դասավանդում Կուլիկամի հանրային դպրոցում: Նա այն 8 թոշակառուներից է, ով դիմել է պարգևատրում ստանալու համար:
«Արդեն 45 տարի է դպրոցում եմ, դիմել եմ որպեսզի ստանամ մրցանակը: Բայց անկեղծ ասած չեմ պատկերացնում իմ օրն առանց երեխաների, առանց դպրոցի, ամենաբարդը սա է: Ամբողջ կյանքդ նվիրում ես դպրոցին ու հանկարծ տանն ես նստելու: Որոշեցի այլևս չաշխատել, որովհետև լավ տարբերակ է առաջարկում նախարարությունը»,- նշում է նա:
Իսկ ահա Զակ գյուղում 4 թոշակառու մանկավարժից 2-ն արդեն հեռանալու դիմել են, իսկ մեկը դեռ որոշում չի կայացրել:
«4 թոշակառուներից երկուսը դուրս են գալիս: Մեկը քիմիայի մասնագետ, մյուսը՝ ֆիզիկայի: Եթե մաթեմատիկայի մասնագետ դպրոցում ունենք, ապա քիմիայի պարագայում մենք խնդիր ունենք: Մեր գյուղում մի աղջիկ կա, ով Հայաստանում է բարձրագույն կրթություն ստացել, իրեն դիմեցի, որպեսզի մասնակցի քննություններին»,- Jnews-ի հետ զրույցում նշեց Զակ գյուղի դպրոցի տնօրեն Վարդուհի Ղազարյանը:
Ուսուցիչների մեջ կարծիք կա՝ մինչև իր փոխարեն նոր ուսուցիչ չընդունվի աշխատանքի, ինքը կարող է շարունակել աշխատանքը:
Մեր զուրակիցներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անուն նշեց. «Ես լսել եմ, որ եթե ուսուցիչը չի կարողանում քննությունները հաղթահարել, ապա իրեն չեն ազատի աշխատանքից, ուղղակի իր աշխատավարձը չի բարձրանա, մենք կմնանք պրակտիկանտ ուսուցիչ և կշարունակենք աշխատել: Ես առարկայական քննությունը կարող եմ հանձնել, սակայն տրամաբանությունը վրացրենով չեմ կարող, մի անգամ փորձել եմ ու կտրվել, այդ իսկ պատճառով հիմա անիմաստ եմ համարում նորից գրանցվել քննություն հանձնելու համար»:
Ախալքալաքի 4-րդ դպրոցի թոշակառու ուսուցիչներից ոչ ոք այս պահի դրությամբ չի դիմել Նախարարությանը դպրոցից հեռանալու համար: Լարիսա Սերոբյանը թոշակառու է, նա 49 տարի է Հայոց լեզու և գրականություն է դասավանդում Դերենիկ Դեմիրճյանի անվան, 4-րդ դպրոցում:
Վերջինս լսելով Նախարարության մրցանակի մասին զարմացել է, սակայն շնորհակալ է որոշումն ընդունողներին, որ գնահատում են մանկավարժներին և նրանց ուղարկում պատվավոր հանգստի:
«Լսեցի զարմանքով նախարարության առաջարկած ծրագիրը թոշակառուների մասին: Այսինքն՝ առաջարկում են թոշակառուներին, ըստ ցանկության կամավոր թողնել աշխատանքը և անցնել պատվավոր հանգստի, առաջարկելով որպես աշխատանքի վետերանների երկու տարվա աշխատավարձի պարգևատրումով: Ես որպես 49 տարվա աշխատանքային փորձ ունեցող մանկավարժ մտադիր էի ևս երկու, ամենաշատը երեք տարի աշխատել և դադարեցնել աշխատանքս, որովհետև կլրանար իմ 70 տարին: Ըստ իս 70 տարեկան մանակվարժն այլևս հետաքրքիր չէ աշխակերտների համար: Չնայած, որ իմ մեջ ես դեռ ուժ ունեմ դասավանդելու»,- կիսվում է Լարիսա Սերոբյանը:
ԿԳ նախարարության այս ծրագիրը թոշակառու մանկավարժների համար գրավիչ ծրագիր է, որն ընտրության առաջ է կանգնեցնում մանկավարժներին:
«Պետությունն առաջարկում է լավ տարբերակ, երկու տարի չեմ աշխատի, կհանգստանամ պարգևատրումն էլ կստանամ և կկարողանամ իմ ծերությունը հանգիստ վայելել: Արդեն բանավոր տվել եմ իմ համաձայնությունը, որ համաձայն եմ սեպտեմբերից դադարեցնել մանկավարժական գործնեությունս: Սեպտեմբերին պարզ կդառնա այս ծրագրի կոնկրետ պայմանները, առայժմ մեր դպրոցի թոշակառուներս դիմում չենք գրել, սպասում ենք, որ շարունակվի այս ծրագիրը, իսկ եթե չշարունակվի, ես կշարունակեմ իմ աշխատանքը»,- հավելում է քաղաքի 4-րդ դպրոցի ուսուցչուհին:
Կենսաթոշակային տարիքի ուսուցիչները, ովքեր չեն կարողանա հաստատել իրենց նվազագույն իրավասությունը, կամ կշարունակեն իրենց մասնագիտական գործունեությունը՝ դպրոցի կարիքներից ելնելով, կամ էլ կվարձատրվեն երկու տարվա աշխատավարձի չափով:
Աղունիկ Այվազյան