ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր Թբիլիսի կատարած երկօրյա այցի շրջանակներում մասնակցեց վրաց գրող Գիվի Սիխարուլիձեի «Յամուր» վեպի հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսին։

Այսօր, մայիսի 31-ին Թբիլիսիում, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում տեղի ունեցավ ռեժիսոր, սցենարիստ և դերասան Գիվի Սիխարուլիձեի «Յամուր» վեպի հայերեն լեզվով թարգմանության շնորհանդեսը։ Գիրքը հայերեն է թարգմանել բժիշկ-բանաստեղծ, ջավախքահայ Մկրտիչ Գրաբսկին։

Միջոցառումն սկսվեց «Յամուր» վեպի նախաբանի ընթերցանությամբ։

Մկրտիչ Գրաբսկին իր ելույթում խոսեց գրքի բովանդակության մասին և խորհուրդ տվեց բոլորին կարդալ այն։

«Ես փորձեցի հնարավորինս ընթերցողին փոխանցել վեպի ողջ իմաստն ու համատեքստը։ Ինչպես ասում է բոլոր թարգմանիչների հովանավոր Իրոնի Սիրդոնսկին, ես փոխանցել եմ ոչ թե բառ առ բառ, այլ իմաստ առ իմաստ», – կիսվում է թարգմանիչը:

Վեպի հայերեն լեզվով տպագրության առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորեց գրքի հեղինակին և թարգմանչին՝ նշելով, որ արդեն հասցրել է մի հատված կարդալ գրքից։

Միջոցառման ավարտին պատվոգրերով պարգևատրվեցին Վրաստանի Բանասիրական գիտությունների թեկնածու, Թբիլիսիի Սբ․ Գևորգ եկեղեցուն կից գործող կանանց միությունների նախագահ՝ Էմմա Աղթյանը, Թբիլիսիի պետական համալսարանի դասախոս՝ Զոյա Մխիթարյանը և Թբիլիսիի Հովհ. Թումանյանի տուն գիտամշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը։ Ինչպես նաև հայ և վրաց մշակութային կապերի զարգացման գործում ունեցած վաստակի համար Վրաստանի հանրապետության ժողովրդական արտիստ Վախտանգ Կիկաբիձեն պարգևատրվեց «Հայոս-Քարթլոս» հուշամեդալով։

Ռիմա Մառանգոզյան