Վրացի գործընկերոջ հրավերով Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելեց Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոց:

Նախարարին դիմավորեցին դպրոցի անձնակազմն ու հայկական ու վրացական տարազներով աշակերտները՝ ներկայացնելով մայրաքաղաքի միակ ամբողջովին հայկական կրթօջախի նվաճումները, Վրաստանում գործող հայկական դպրոցի առանձնահատկությունները, շենքի տեսքը վերանորոգումից առաջ և հետո, ինչպես նաև լավագույն աշակերտների լուսանկարներով ու գովասանագրերով զարդարված ցուցատախտակը:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայկական գեղարվեստական գրականություն նվիրաբերեց դպրոցի գրադարանին՝ նախատեսված հատուկ դպրոցական աշակերտների համար:

Խոսելով վրաստանյան հայկական դպրոցների գրքերի՝ հատկապես մայրենի լեզվի դասագրքերի խնդրի մասին, նախարարը նշեց, որ այս հարցի շուրջ քննարկումներ են նախատեսված վրացի գործընկերոջ հետ, մայրենի լեզվի դասագրքերի հարցն օրակարգում է:

Հայաստանի և Վրաստանի նախարարները ոչ պաշտոնական միջավայրում հանդիպել են նախօրեին, այսօր կկայանա հանդիպման պաշտոնական մասը: Արայիկ Հարությունյանի խոսքով, քննարկվելու են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում հայկական դպրոցներում առկա խնդիրները՝ դասագրքերի, ուսուցիչների վերապատրաստումների, դասաժամերի հարցը:

«Ամենակարևորն այն է, որ երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև երկու նախարարների միջև շատ ջերմ հարաբերություններ են, իսկ դա այն ամենակարևոր հիմքն է, որը նպաստում է հարցերի լուծմանը»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Արայիկ Հարությունյանը:

Նյութը՝ «Ալիք Մեդիայից»