Ախալքալաքի մունիցիպալիտետը տենդեր է հայտարարել քաղաքում 52 եւ գյուղերում 38 ծառերի հատման համար: Այդ նպատակով տեղական բյուջեից հատկացվել է 21 711 լարի:

Չորացած ծառերը կամ այն ծառերը, որոնք «վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար», կհատվեն:

Մունիցիպալիտետի կողմից 2019 թ. ապրիլի 24-ին հայտարարված ծառահատման տենդերն արդեն տեղի է ունեցել: Տենդերը 10 169 լարիով շահել է անհատ ձեռներեց Արեգնազ Խանոյանը:

Ախալքալաքի քաղաքապետարանի էկոլոգիայի գործակալության բնապահպանության ծառայության բաժնի ղեկավար Ռամազ Խուցիշվիլին ասում է, որ իրենց ծառահատման խնդրանքով դիմել են բնակիչները, նրանք հետո ստուգել են եւ տվել իրենց համաձայնությունը:

Ահա փողոցների եւ թաղամասերի ցուցակը, որտեղից կկտրվեն չորացած ծառերը:

Անդրանիկ Մարգարյանի փողոց (ինտերնատ )- 28 ծառ, Աղմաշենեբելի փող. 2-րդ նրբանցք – 11 ծառ, Դարբինյան փող.- 2, Ազատության փող.-1, Սարգսյան փող. – 2, 2-րդ հանրային դպրոցի տարածք – 1, նախկին №1 զինվորական ավան – 1, Ախալքալաքի մայրուղի -6 ծառ:

Ըստ տենդերի, չորացած ծառեր հատվելու են հետեւյալ գյուղերում.
Կորխ – 10 ծառ, Վարևան – 1, Կոկիո – 9, Բուղաշեն – 1 , Բարալեթ – 5, Մաջադիա – 9, Խուլգումո – 3:

Ըստ անհատ ձեռնարկատիրոջ ներկայացուցիչ Ռաֆայել Խաչատրյանի, չորացած ծառերի հատման աշխատանքները սկսվել են մայիսի 10-ից:

«Շուտով քաղաքում կավարտենք, մոտ 50 ծառ հատվել է: Հատված ծառերը մենք փոխանցում են մունիցիպալիտետին», – ասաց Ռաֆայել Խաչատրյանը:

Մունիցիպալիտետը դեռ չգիտի, թե ինչ է անելու այդ ծառերը: «Կավարտենք, հետո կտեսնենք, թե քանի խոր/մ կլինի, եւ կորոշենք, թե ինչ անել», – ասաց Ռամազ Խուցիշվիլին:

Շուշան Շիրինյան