ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ախալքալաքի շրջանային հիվանդանոց:

Ախալքալաքում է եզրափակվել Արմեն Մուրադյանի Վրաստան կատարած աշխատանքային այցը: Նա տեղում ծանոթացել է Ախալքալաքի հիվանդանոցի աշխատանքային գործընթացին: Ախալքալաքի հիվանդանոցը գտնվում է «Ունիմեդ-Սամցխե» ընկերության սեփականության ներքո: Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն` Ախալքալաքի առողջապահության ոլորտի պատասխանատուները Արմեն Մուրադյանին են ներկայացրել այժմ հիմնանորոգման փուլում գտնվող բժշկական հիվանդանոցում մատուցվող ծառայությունները, գործիքակազմը:

«Ջավախքի առողջապահական ցանցում լայնածավալ փոփոխություններ են տեղի ունենում` վերանորոգումներ, վերակառուցումներ: Նախատեսված է նոր ախտորոշիչ կենտրոնների կառուցում` ներառյալ շերտագրման հնարավորություն, շերտագրող համակարգիչ, ժամանակակից թվային ռենտգեն սարքեր, վիրահատարաններ»,- ասել է Արմեն Մուրադյանը` հավելելով, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ջավախքում հեմոդիալիզի ծառայություն ունենալու հնարավորությունը:

Արմեն Մուրադյանն այցելել է նաև կենտրոնում բուժում ստացող հիվանդներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: Նա եղել է նաև ծննդաբերական բաժանմունքում:

Նախարարությունը տեղեկացնում է, որ «Ունիմեդ-Սամցխե» բժշկական կենտրոնը հիմնանորոգման ավարտից և նորագույն սարքավորումներով համալրվելուց հետո այցելուների առջև իր դռները կբացի ընթացիկ տարվա հոկտեմբերին:

Նյութի սկզբնաղբյուր՝ hetq.am