Մայիսի 25-ի երեկոյան արդեն Երեւանի գովազդային էկրաններին փայլում էր Վրաստանի դրոշը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել են Վրաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ եւ շնորհավորական ուղերձներ հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին եւ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։

Դարերի խորքից եկող հայ-վրացական բարեկամական կապերը մշտապես աչքի են ընկել փոխադարձ հարգանքով և վստահությամբ, ինչն այսօր ամուր հիմք է մեր բազմաոլորտ օրակարգն առավել զարգացնելու և ընդլայնելու համար: Այդ առիթով բարձր եմ գնահատում մեր միջև պարբերաբար տեղի ունեցող հանդիպումներն ու քննարկումները, որոնք իրապես նոր որակ և բովանդակություն են հաղորդում մեր փոխգործակցությանը։ Վստահ եմ, որ հայ-վրացական ներկայիս բարձր մակարդակի հարաբերությունները կշարունակեն ծառայել ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և նորանոր հաջողություններ, իսկ Վրաստանի եղբայր ժողովրդին՝ երջանկություն, բարօրություն և առաջընթաց»:

«Դարերի ընթացքում հայ-վրացական հարաբերությունները զարգացել են մեր ժողովուրդների եղբայրական կապերի և պատմական ու մշակութային ընդհանրությունների հիման վրա: Գոհունակությամբ ուզում եմ ընդգծել, որ այսօր ձևավորված միջպետական հարաբերություններն այս ամենի ուղղակի արտացոլանքն են»,- նշված է Հանրապետության նախագահի շնորհավորական նամակում։