Շուրջ 200 երեխա մեկ ամսվա ընթացքում կստանա քրիստոնեական դաստիարակություն, հաճախելով Սամցխե-Ջավախքի Առաջնորդական Փոխանորդությանը կից գործող ճամբար:

Այսօր, հուլիսի 26-ին Ախալքալաքի «Խաս Բախչա» այգում բացվեց ևս մեկ ամառային ճամբար, 7-ից մինչև 15 տարեկան երեխաների համար:

Ճամբարը գործելու է մեկ ամիս, որի ընթացքում շրջանի շուրջ 200 երեխա կստանա հոգևոր դաստիարակություն: Ճամբարի նպատակն է երեխաներին ծանոթացնել քրիստոնեական տարրական կանոններին:

xas lager1

«Մենք այստեղ երեխաներին սովորեցնում ենք խաչակնքվել, աղոթել, ինչպիսի կեցվածք ընդունել եկեղեցում, ինչպես դիմել հոգևորականներին: Մենք կունենանք այցելություն «Տավշանկա»-ի ճամբարականների հետ, փոխանցելու մեր փորձը: Նրանց, ովքեր հնարավորություն չեն ունեցել գալու մեր ճամբար, նույնպես կսովորեցնենք այն ամենը ինչ գիտեն մեր երեխաները», -ասում է Առաջնորդական Փոխանորդությանը կից գործող ճամբարի պատասխանատու՝ Լիանա Խլոյանը:

xas lager2

Ճամբարը իր օրը սկսում է ժամը 11-ին և ավարտում 17:00-ին: Երեխաները առավոտյան հավաքվում են «Խաս Բախչա» այգում, այնուհետև գնում են եկեղեցի աղոթելու, որից հետո ամեն ջոկատ զբաղվում է նախատեսված աշխատանքային պլանով: Երեխաները զբաղվելու են ինչպես ինտելեկտուալ, այնպես էլ սպորտային խաղերով: Օրը մեկ անգամ երեխաներին կերակրում են սենդվիչներով: Ջոկերը ձևավորվում են ըստ տարիքի: Նախատեսվում է կազմավորել 4-5 ջոկատ, որոնց հետ կաշխատեն Հայաստանից ժամանած ջոկատավարները:

xas lager3

Երեխաներին կբաժանվեն տարբեր գույնի գլխարկ և վերնաշապիկ: Յուրաքանչյուր ջոկատ կունենա իր գույնը:

Շուշան Շիրինյան