Նինոծմինդայում առաջին ագրարային շուկայի կառուցման տենդերն արդեն կայացել է եւ աշխատանքները սկսվել են: Նինոծմինդայի մունիցիպալիտետը դրա համար հատկացրել է 191 000 լարի:

Նինոծմինդայում ագրարային (գյուղամթերքի) շուկա չկար, մրգերն ու բանջարեղենը վաճառվում էին փողոցներում: Այդ նպատակով, այս տարի մունիցիպալիտետի ղեկավարությունը որոշեց կառուցել ժամանակակից շուկա:

Տենդերին մասնակցել են երեք ընկերություն ու այն շահել է անհատ ձեռնարկատեր Ռազմիկ Ղումաշյանը 163 842 լարիով: Ձեռնարկատերը աշխատանքները պետք է ավարտի հինգ ամսվա ընթացքում: Պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 19-ին:

Շուկան կառուցվում է քաղաքապետարանի շենքի մոտ: Շուկայի կառուցման նախագիծը ներառում է 3 շինություն՝ ագրարային շուկան իր վաճառասեղաններով, մսի տաղավար եւ սանհանգույց:

Ռազմիկ Ղումաշյանի խոսքով, աշխատանքներն արդեն սկսվել են եւ կավարտվեն մինչ 2019-ի օգոստոս:

«Հողային աշխատանքները կատարվել են: Շուկայում կստեղծվի մսի տաղավար, որի պատերն այսօր արդեն սկսել են կառուցել, տեղադրում ենք ընդհանուր շինության մետաղյա կոնստրուկցիաները, շուկայից դուրս կլինի սանհանգույցի շինությունը», – Jnews- ի հետ զրույցում ասաց Ռազմիկ Ղումաշյանը:

Շուշան Շիրինյան